Հայկական մենաշնորհի կուլտուրան նոր հորիզոններ է նվաճում:

Պարզվում է՝ հայ գործարարները կարողանում են մենաշնորի դիրք գրավել ոչ միայն Հայաստանում, նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Այս օրերին հատկապես թեժ մրցակցություն է ծիրանի արտահանման հետ կապված։

Ինչպես գիտենք, հայկական ծիրանը հիմնականում արտահանվում է դեպի Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամասերի և Մոսկվայի շուկաներ։ Կրասնոդարից ԼՈւՐԵՐ.com-ին ահազանգեցին, որ Ուրալսկի փողոցի վրա գտնվող մեծածախ շուկայի տնօրինության հետ կապված քիչ քանակությամբ ծիրան արտահանած մարդիկ լուրջ խնդիրների առաջ են կանգնել:

Բանն այն է, որ Հայաստանից մեկ այլ արտահանող ընկերություն, այս դեպքում՝ «Սպայկա»-ն, «լեզու» է գտել շուկայի տերերի հետ և վերջիններս երեկվանից արգելում են, որ հայկական ծիրանով բեռնված որևէ այլ մեքենա մուտք գործի շուկայի տարածք: Մնում է միայն մեկ բան՝ թափել ծիրանը։

Սա ենթադրում է, որ վնասներ կկրեն ոչ միայն Հայաստանից ծիրանի արտահանմամբ զբաղվող մնացած գործարարները, այլ նաև «Սպայկա» ընկերությունն այսուհետ կկարողանա գին թելադրել գյուղացիներին, որպես Հայաստանից արտահանող միակ ընկերություն:

Այս դեպքում կարկուտից տուժած գյուղացին այլընտրանքի հնարավորություն չի ունենա և ստիպված կլինի մշակած ծիրանը հանձնել շատ ցածր գնով։ Փաստորեն, վերջիններս այլևս չունենալով այլընտրանք, ստիպված են լինելու խաղալ «Սպայկա»-ի խաղի կանոններով: