«Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին»,- հենց այս կոչով այսօր «Ժառանգության»11-րդ համագումարում իր ելույթը սկսեց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Խոսելով կուսակցության անցած ուղղու մասին՝ նա նշեց, որ այն այս տարիների ընթացքում հավատարիմ մնաց իր գաղափարախոսությանը՝ մշտապես պաշտպանելով իշխանությունից դժգոհ հայաստանցու շահը: 

«Մենք եղել ենք ցանկացած այն քաղաքական գործընթացի ակտիվ մասնակիցը, որտեղ պետք է եղել պաշտպանել հասարակության շահը: Այդպիսի շարժումները շատ են, որոնցից մեկն, օրինակ, «Էլեկտրիկ Երևանն» էր: Մենք կանգնեցինք իրենց կողքին, սակայն այդ շարժումն ուղղորդվեց իշխանությունների կողմից և դարձավ, ընդամենը, յոթ դրամի պահանջի և տնտեսվարողի փոփոխության պահանջ»:

Վերջինիս փոխանցամբ՝ «Ժառանգությունն» անտարբեր չեղավ նաև «Սասնա ծռեր»-ի շարժման ժամանակ. «Մենք այդ ծանր օրերին մեզ վրա վերցրեցինք բողոքի և խաղաղ անհնազանդութամբ շարժումը տանելու պարտավորությունը: Հիմա մենք կազմել ենք եզակի քաղաքական օրակարգ ունեցող մի դաշինք, որտեղ բարձրացվում է Հայաստանի ինքնիշխանության հարցը, ցավալի է, որ մեզ հետ չեն այն հերոսներն, ովքեր պայքարել են երկրի ազատության համար, օրինակ Սամվել Բաբայանը, ցավալի է, որ այս իշխանությունը հերոսներին սիրում է միայն մահվանից հետո»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը՝ շեշտելով հասարակության համախմբման անհրաժեշտությունը: