Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր: Երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրների մասին զեկուցել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հանձնարարվել է նաեւ միջոցներ ձեռնարկել հակակարկտային եւ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների ներդրման ուղղությամբ, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացման ակտիվացման ուղղությամբ:

Այս տարվա առաջին կիսամյակում, ըստ ԱՎԾ-ի, 87%-ով աճել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը, որի մի զգալի մասը հենց գյուղմթերքն է, ու այս ֆոնին նույն ԱՎԾ-ն հայտնում է, որ գյուղատնտեսության բնագավառում անկում կա: Կասկած անգամ չկա, որ գյուղատնտեսության հենց ներկայիս վիճակով են պայմանավորված ապրանքների թանկացումները: Ամենազարգացած երկրներում գյուղատնտեսությունը պետության հովանու ներքո է գործում, բայց մեզ մոտ Գյուղնախարարությունը, փոխարենը գյուղացու շահերի պաշտպանը դառնա, ամեն կերպ կենտրոնանում է մասնավոր սեկտորի պաշտպանության վրա: Եթե գյուղացին օրենքով պաշտպանված չէ, ով գալու է՝ պետք է թալանի: Արդյունքում մարդիկ չեն ուզում մշակել հողը, որովհետև գիտեն, որ խաբում են:

Այժմ էլ բանը հասել է նրան, որ ԱԱԽ նիստում պետությանը սպառնացող վտանգների շարքում է հայտնվել նաև գյուղատնտեսության ոլորտում առկա խայտառակ վիճակը: Այն, որ նման հարցերը քննարկման առարկա են դառնում ինքնին դրական է, սակայն շատ ավելի կարևոր է թե որտեղ են դրանք քննարկվում:

Եթե Սերժ Սարգսյանը ստիպված է անդրադառնալ այս խնդրին և Իգնատի Առաքելյանին հուշել, թե ինչպես վերջինս պետք է կատարի իր բուն պարտականությունները, նշանակում է՝ նախարարությունը խնդիրների լուծման ուղղությամբ մատը մատին չի խփել և դրանք կուտակվելով հասցրել են մինչև ԱԱԽ նիստ:

Կարկուտն ու անձրևները մի շարք մարզերում փչացրել են ամբողջ բերքը, անասնակերը թանկացել է, գյուղտեխնիկան չի աշխատում, պարարտանյութը ճիշտ ժամանակին չի տրամադրվում, բերքի իրացման խնդիր կա, նախորդ տարվա պարտքերը մարված չեն, գյուղացիներիը չեն կարողանում վճարել վարկերը, բանջարեղենի արտահանման համար սահմանին խոչընդոտներ են ստեղծվում...

Այսպես կարելի է շարունակել անվերջ: Իսկ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այս օրերին երջանիկ ժպտում է: Գյուղատնտեսության նախարարը փառահեղ լուծում է գտել ոլորտի համար. պետք չէ զբաղվել գյուղատնտեսությամբ: Եթե բոլորը բավարար խելք ունենան ու ձեռք քաշեն հող մշակելուց, անասնապահությունից, այն ժամանակ այլևս ոչ մի խնդիր չի լինի: Ե՛վ գյուղացին գոհ կլինի, և՛ Իգնատին: Ու կարկուտը որքան կուզի, թող ծեծի դատարկ դաշտերը: Բերք չի լինի, որ փչանա:

Ստելլա Խաչատրյան