Հանրային  հեռուստաընկերությունը հերթական անգամ հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում։ Հերթական անգամ գրվեց, որ պետական բյուջով սնվող այս հեռուստաընկերությունը 2 մլրդ դրամի խախտում է արձանագրել։ Այս մասին գրեցՀետք լրատվականը՝ ներկայացնելով բացահայտման վերաբերյալ պատկան կառույցի պարզաբանում։

Այս բացահայտմանը հաջորդեց «Հանրայինը հանրությանը» քաղաքացիական նախաձեռնության սկանդալային տեսանյութը՝ հրապարակելով Հանրային հեռուստառադիոընկերության և դրա խորհրդի գործունեությանը վերաբերող տեսանյութ, որում նախաձեռնության անդամները խոսում են անօրինական գործողությունների, օրենքի խախտումների և Հանրայինում տիրող բարքերի մասին։ Նախաձեռնությունը պահանջում է ղեկավար կազմի հրաժարականը։

Այս ամենից հետո պարզ դարձավ, որ  ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրության առարկա է դարձրել Հանրային հեռուստաընկերությունում չարաշահումների վերաբերյալ «hetq.am» լրատվական կայքի հրապարակումները:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից լիարժեք և համակողմանի ուսումնասիրություն իրականացնելու, դրանցում ներկայացված փաստերին քրեաիրավական գնահատականներ տալու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Ֆինանսների նախարարությունից պահանջվել են Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից «Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման փաստաթղթային հիմքերը, որոնք դեռևս չեն ստացվել:

Բացի դրանից, հաշվի առնելով քրեական գործ հարուցելու հիմքերի հայտնաբերմանն օժանդակելու հարցում «Հետք»-ի արտահայտած պատրաստակամությունը՝ դիմել ենք խմբագրությանը՝ տրամադրելու չարաշահումների փաստերի վերաբերյալ իրենց հայտնի ամբողջական տեղեկատվությունը՝ նաև դրանցով օրենքով սահմանված կարգով իրավական գնահատական տալու նպատակով անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար»,- գրել է Աբրահամյանը:

 Լուսանկարը՝ hetq.am-ի: