«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը կգնա Ազատության հրապարակ, երբ հստակություն տեսնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արամ Հարությունյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է ձեւակերպի' ինչ է ուզում, եղել է մարզպետների, քաղաքապետների հրաժարական, տեղի են ունեցել անօրինական ընտրություններ ու իր տոնայնությունը անորոշ է, այդ ձայները դրված են իր վրա, ինքն է տեր ձայներին, մենք պատրաստ ենք աջակցել իրեն, բայց հստակ պետք է լինի,թե ինքը ինչ է ուզում, եթե իր նպատակը իշխանությունների օգնությամբ ընդդիմադիր դաշտը զբաղեցնելն է, տեր դառնալ ընդդիմադիր դաշտին, դա ազնիվ նպատակ չէ, իսկ եթե նպատակը ազնիվ է, այդ դեպքում մենք պատրաստ ենք»,- նշեց նա:
Նախագահի նախկին թեկնածուն շեշտեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հստակ ասի' դիմելու է ՍԴ, թե ոչ, եւ եթե ինքը այդ ճանապարհով չի վիճարկում ընտրությունների արդյունքները, մնացածը ուղղակի գեղեցիկ խոսքեր են: Նա իր տարակուսանքը հայտնեց, որ Արման Մելիքյանը, ունենալով ամենաշատ տվյալները, չդիմեց ՍԴ: «Իշխանությունը հաշվի կնստի, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հստակ լինի, ժողովուրդը շատ հստակ է, ժողովուրդը պատրաստ է, քանի որ այդ թեկնածուն ինքն է, որին ժողովուրդը իշխանություններին չուզելով, իշխանություններին դեմ գնալով' քվեարկել է, ինքն է տիրապետում այդ ձայներին: Դեռեւս Սերժ Սարգսյանի հրաժարական կամ որ Սերժ Սարգսյանը չի ընտրվել նման բաներ չի ասում, ասում է' ժողովուրդն է հաղթել, իշխանությունն էլ է ասում' ժողովուրդն է հաղթել, անորոշ ձեւակերպումներ են»,- ասաց Արամ Հարությունյանը:
Հարցին, թե դուք ասում էիք,թե փետրվարի 19-ից հետո քվեաթերթիկում մնացած բոլոր թեկնածուները կակազելու են, նոր իրավիճակ է ստեղծվելու եւ հարթակում մնալու եք դուք, բայց հիմա կարծես հարթակում են բոլորը' ձեզնից բացի եւ ոչ ոք չի կակազում, նա այսպես պատասխանեց: «Ըստ էության բոլորն էլ կակազում են: Րաֆֆի Հովհաննիսյանը, որ տենց հայրենասիրական ճառեր է ասում, դեռեւս ոչինչ չի նշանակում, խնդիր չի ձեւակերպված, ժողովուրդը իր խոսքը ասել է, հիմա կամ տեր ես Սերժ Սարգսյանին դեմ քվեարկած ձայներին, կամ Սերժ Սարգսյանն է քո տերը»:
Նա նշեց, որ նույնիսկ «Ժառանգությունը» չգիտի, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչ է ուզում' օրինակ բերելով համանուն խմբակցության բանակցությունները ԱԺ-ում եւ նախագահի նախկին թեկնածուի հայտարարությունը, թե կապ չունի դրա հետ:
Ի դեպ, «Ազգային համաձայնությունը» դեռ քննարկում է' մասնակցելու է Երեւանի ավագանու ընտրություններին, թե ոչ, դա կախված է քաղաքական իրավիճակից: Մասնավոչապես' եթե Րաֆֆի Հովհաննիսյանը փողոցում կանգնած ժողովրդին հոջսախաբ չանի, նոր իրավիճակ կարողէ ստեղծվել, եթե հուսախաբ անի, ժողովուրդը իրեն չի ների եւ թատերաբեմից շատ անփառունակ կհեռանա: