Շատերը նկատած կլինեն, որ ԱՄՆ-ի ու Հայաստանի նախագահների պաշտոնական հանդիպումները սովորաբար չափազանց հազվադեպ են տեղի ունենում, ինչը, թերևս, պայմանավորված է Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության բնույթով: Մինչդեռ համաշխարհային քաղաքական օրակարգը որոշող երկրի  բարձրագույն ղեկավարության հետ մեր երկրի իշխանությունների հաճախակի շփումները կարող էին միմիայն հօգուտ Հայաստանի լինել. ԱՄՆ-ը լայն հնարավորություններ ունեցող երկիր է, ու մեզ բնավ չէր խանգարի փոխադարձորեն վստահելի ու առավել սերտ հարաբերություններ ունենալ մի պետության հետ, որի հետ մեր հարաբերությունների է՛լ ավելի սերտացումը միմիայն դրական կազդեր Հայաստանի վրա:

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը Sputnik-ին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկայում սպասվում է Թրամփ-Սարգսյան հանդիպում. նախապատրաստական աշխատանքներն այլևս սկսված են, ու հանդիպման օրակարգը հստակեցվում է: Ի հավելումն իր այդ հայտարարության` դեսպան Հովհաննիսյանը մի ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել` կարծես  բացահայտելով առաջիկա հանդիպման օրակարգային հարցերից կարևորագույնի բովանդակությունը: «Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ չնայած վերջին ժամանակներում ակտիվության նկատելի անկմանը»,-հայտարարել է դեսպանը:

Անկասկած է, որ երկու երկրների ղեկավարների միջև հանդիպումը, որն ամենայն հավանականությամբ, կայանալու է այս տարվա ընթացքում, պայմանավորված է երկու հիմնական հանգամանքներով` Հայաստանի ներքաղաքական ու արտաքին քաղաքական հարթություններում ստեղծված գերզգայուն իրավիճակով: Հայաստանը խնդիր ունի ամեն գնով կանխելու պատերազմը, երկրորդ` Սերժ Սարգսյանը կարիք ունի 2018-ին ընդառաջ՝ սեփական պլանների իրականացման հետ կապված որոշակի հստակեցումների` պլաններ, որոնք առանց համաշխարհային ուժային կարևորագույն կենտրոնների կարծիքն ու դիրքորոշումը հաշվի առնելու` Սարգսյանը չի կարողանալու լուծել: Նախ` արցախյան խնդրի հետ կապված՝ պետք է նկատել, որ բոլորը միանշանակորեն հասկացել են, Մոսկվան` նույնպես, որ առանց Արևմուտքի մասնակցության՝ հարցը կարգավորել կամ գոնե միառժամանակ սառեցնել՝ չի հաջողվելու:

Հետևաբար, այսպես թե այնպես, Կրեմլը ստիպված է լինելու հանդուրժել Արևմուտքի դերակատարությունը արցախյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում. ազերիներին զսպել կարող են միայն նրանք, ովքեր անմիջական հասանելիություն ունեն Ալիևի արտասահմանյան հաշիվներին, ինչը հաշվի չառնել Մոսկվայում՝ ուղղակի չեն կարող: Այսօր տարածաշրջանում մեծ ու անկանխատեսելի հետևանքներով պայթյուն թույլ չտալու՝ Մոկվայի միակ ուղին իշխանությունն այստեղ կիսելն է Թրամփի հետ: Ի դեպ` ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի՝ հենց ռուսական Sputnik-ի միջոցով փոխանցած ցանկությունը` տեսնելու ԱՄՆ-ին խաղաղության պահպանման առաջին ջատագովների շարքերում, վկայում է այն մասին, որ Երևանի ու Մոսկվայի միջև այս հարցում որոշակի կոնսենսուսային համաձայնություն, այնուամենայնիվ, կայացվել է. ռուսներին հաջողվել է համոզել, որ ՀՀ-Արևմուտք հնարավոր մերձեցումը ոչ մի սպառնալիք չի կարող հանդիսանալ Մոսկվայի` Հայաստանում ունեցած շահերին: Ռուսներն էլ, չունենալով այլ ելք, քան հանդուրժել ԱՄՆ ներկայությունը տարածաշրանում, ստիպված համաձայնվել են` գործընթացը լիակատարորեն վերահսկելու նախապայմանով: Այս իմաստով՝ Սարգսյան-Թրամփ առաջիկա հանդիպումը պետք է համարել Արևմուտքի հաղթանակը` հաղթանակ, որը, սակայն, չի կարող որպես սեփական պարտություն ընկալվել Ռուսաստանի կողմից. Անդրկովկասում ներկայում աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռում է տեղի ունենում:

Ինչ վերաբերում է ներքաղաքական ասպեկտին, ապա այստեղ ևս բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծվել, որը, բնականաբար, չի կարող քննարկման առարկա չդառնալ նախագահների առաջիկա հանդիպմանը: Որքան էլ թվա, թե այս հարցում ամենաշահագրգիռ կողմը Սերժ Սարգսյանն է ու վերջինս ձգտելու է աջակցություն ստանալ Թրամփից իր պլաններն իրագործելու ճանապարհին, անհնար է, սակայն,  չնկատել, որ որքան Արևմուտքն է պետք Սերժ Սարգսյանին, այնքան էլ Սարգսյանն` Արևմուտքին, քանի որ Սերժ Սարգսյանը նույն Արևմուտքի կողմից շատ ավելի ընկալելի գործընկեր է, քան ասենք՝ վարչապետ Կարապետյանը. նախագահը կարևոր կապեր ունի Արևմուտքում, ինչը թույլ է տալիս վերջինիս՝ զանզան խողովակների միջոցով կառուցողական երկխոսության մեջ գտնվել Հայաստանի հետ, որքան էլ մեր երկիրը  ռուսամետ արտաքին քաղաքականություն  վարի. Սերժ Սարգսյանի` Հայաստանի ներսում դիրքերի հզորացումը բխում է ԱՄՆ-ի շահերից: Ու եթե Հայաստանը կարողանա այնքան ճարպիկ գտնվել, որ չփչացնելով Մոսկվայի հետ ռազմավարական գործընկերությունը` կառուցողական երկխոսության մեջ գտնվի նաև Արևմուտքի հետ, ապա դրանից միայն կշահի: Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրին, որի վրա Կրեմլը Լավրովի շուրթերով արդեն հասցրել է «վետո դնել», ենթադրելի է, որ, այնուամենայնիվ, այն չի ստորագրվի, եթե մինչ այդ, իհարկե, Կրեմլն իր վերաբերմունքը չփոխի, ինչը քիչ հավանական է: Սակայն ակնհայտ է, որ եթե նույնիսկ համաձայնագիրը չստորագրվի էլ, դա ճակատագրական բնույթ չի կրի ՀՀ-Արևմուտք հարաբերություններում: Երկխոսությունը չի կարղ սկսվել ու ավարտվել Ասոցացման համաձայնագրով. այդ երկխոսւթյունն անհրաժեշտ է կողմերից յուրաքանչյուրին:

 

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ