«Ինչ անում ենք` էրեխեքի համար ենք անում» հայտնի արտահայտությունը, որ շատ հայ չինովնիկների ամենասիրված արտահայտություններից մեկն է ու, ըստ էության, արտահայտում է նրանց սերը սեփական զավակների նկատմամբ, վաղուց ֆիրմային արտահայտություն է դարձել ու վերածվել հարուստ հայրիկների շրջանում ամենատարածված լոզունգներից մեկի:
Պարզվում է, սակայն, որ դիցուք ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի պարագայում ամեն բան այնքան էլ միանշանակ չէ, ու դատելով նրա վերջին հայտարարությունից` Հակոբյանը պատկանում է առավել անտարբեր ծնողների շարքին: Ի՞նչն է մեզ ստիպում նման եզրահանգման գալ: Շատ պարզ մի բան` Հակոբյանի պարզաբանող պատասխանն այն հարցին, թե ինչու նրա որդին չի ծառայել հայկական բանկում: «Ես, ճիշտն ասած, մանրամասները չգիտեմ՝ իմ որդին ինչու չի ծառայել, բայց հաստատ գիտեմ, որ չի ծառայել, մնացածը ձեզ կարող եմ հետո տեղյակ պահել»,- հայտարարել է Հակոբյանը` փորձելով պատճառաբանել սեփական որդու հայկական բանակում չծառայած լիելու փաստը:
Հիմա հարց է առաջանում` Հակոբյանն, իրո՞ք, չգիտի, սեփական որդու` «Արփա-Սևան» ԲԲԸ տնօրեն Պարույր Հակոբյանի չծառայելու պատճառները, թե՞, այնուամենայնիվ, փորձում է նման կերպ խուսափել տհաճ հարցին ճշգրիտ պատասխան տալու: Ի վերջո ինչպե՞ս կարող է այնպիսի հոգատար հայր հանդիսացող մեկն, ինչպիսին ասենք նույն ՀՀԿ-ական պատգամավորն է, չիմանալ սեփական որդու ճակատագրին ուղղակիորեն առնչվող հարցի հետ կապված մանրամասները (այն, որ նա հոգատար հայրիկ է, փաստում է նրա որդու ներկայիս պաշտոնը): Բնական է, չէ՞, որ նման բան հնարավոր չէ անգամ պատկերացնել: Հետևաբար` հետևությունը մեկն է` ավագ Հակոբյանը պարզապես խուսափում է կրտսեր Հակոբյանի գաղտնիքները բացահայտելուց. դա խիստ անձնական հարց է ու որևէ մեկին չի վերաբերվում` ինչպես են Հակոբյանները կարողացել սեփական զավակին ազատել բանակից…
Իրականում, սակայն, այս միջադեպը խոր մտորումների առիթ չտալ ուղղակի չի կարող: Այս ամենը բացահայտում է այն իրական վերաբերմունքը, որ շատ բարձրաստիճաններ ունեն հայրենիքի, բանակի հանդեպ: Բա Հակոբ Հակոբյանին «պալոժա՞» սեփական որդուն գյուլլի բերան ուղարկելը. դա ստորին խավի մենաշնորհն է, ու ոչ ոք իրավունք չունի քիթը խոթել մարդու անձնական կյանք. հո դեմ չե՞ք…
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ