Իրաքի շրջաններից հուլիսի 1-ին կմոտենա հերթական արեւադարձային տաք օդի ալիքը: Հանրապետության տարածքում հուլիսի 1-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Վաղվանից սկսած օդի ջերմաստիճանը կսկսի աստիճանաբար բարձրանալ: Երեւանում այսօր կանխատեսվում է մինչեւ 35, վաղը Արարատյան դաշտում եւ մայրաքաղաքում, Սյունիքի, եւ Տավուշի հովիտներում ջերմաստիճանը կհասնի 36 աստիճան տաքության: Հուլիսի 3-ին ջերմաստիճանը կհասնի 38-ի, հուլիսի 4-ին եւ 5-ին ջերմային ալիքը կհասնի իր բարձրակետին, եւ ջերմաչափը ցույց կտա 39-40 աստիճան»,-ասաց նա:
Սուրենյանի խոսքով` հուլիս ամսվա ողջ ընթացքում օդի միջին ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձր կլինի կլիմայական նորմայից: «Երեւանում առանձին օրերին տաք օդային ալիքի ժամանակ ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Արարատում, Արմավիրում, Արագածոտնի, Վայոց Ձորի լեռներում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի 39-41 աստիճանի: Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում օդի ջերմաստիճանը կհասնի 32-35 աստիճանի: Գյումրիի հատվածում չի բացառվում մինչեւ 37 աստիճան տաքություն»,-ասաց նա:
Հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետը նշեց, որ Լոռու մարզում առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի 32-36 աստիճանի, Տավուշում կանխատեսվում է 36-39 աստիճան: Սյունիքի մարզի հովտային գոտիներում կանխատեսվում է 39-41, նախալեռնային շրջաններում` 30-34 աստիճանի:
Գագիկ Սուրենյանը բնակչությանը կոչ արեց ցերեկային ժամերին չմնալ արեւի տակ: