Սովորաբար ընդունված է կարծել, որ Հայաստանի վատթար վիճակի հիմնական պատճառն այն է, որ պետական գերատեսչությունները՝ նույն նախարարությունները, հաճախ ընդունակ չեն լինում սեփական կատարողականն ինչպես հարկն է՝ կատարել. թերանում են իրենց գործառույթների մեջ, ճիշտ թիրախներ չեն ընտրում և այլն: Կարճ ասած՝ որպես երկրի դժբախտությունների հիմնական շարժառիթ՝ մատնանշվում են հենց պետական կառավարման համակարգի անշտկելի թվացող թերությունները: 2017 գյուղատնտեսական տարին ոչ միանշանակ ստացվեց. կարկուտներ, գյուղմթերքի արտահանման հետ կապված պրոբլեմներ, թանկություն գյուղատնտեսական մթերքների շուկայում և այլն:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հուլիսի 3-ին հյուրընկալվել էր Ազգային ժողովում, ուր, ի թիվս այլ բաների, փորձում էր պատասխանել լրագրողների հարցերին՝ վերաբերող ամենասուր թեմաներին, խնդիրների, որոնք այսօր ծառացած են հայ գյուղացու առջև: Ի դեպ՝ նախարարը, խոսելով գյուղատնտեսության նախարարության կատարողականի մասին, վստահեցրել էր, որ իր ղեկավարած գերատեսչության կատարողականը 97%-ի է հասնում՝ այդպիսով կամենալով, ըստ էության, ապացուցել, թե ինքը, որպես գյուղատնտեսության նախարար, իրեն իդեալական է դրսևորել: Իհարկե, միգուցե կարելի կլիներ ինչ-որ տեղ արդարացված համարել նախարարի բարի ցանկությունը, եթե հնարավոր լիներ գոնե հիմնավոր պատասխաններ ստանալ նրանից՝ վերաբերող գյուղոլորտում վերջին շրջանում կուտակված խնդիրներին՝ գների չհիմնավորված թանկություն, կարկտահարությունից տուժած գյուղացիության փոխհատուցում, հողերի աճուրդային վաճառք, ադրբեջանական գյուղմթերքի՝ հայկական շուկայում ունեցած արկածներ և այլն:
Բայց, արի ու տես, որ նախարարի՝ համապատասխան խնդիրներին վերաբերող հարցերին տրված պատասխանները ոչ միայն սպառիչ չէին, այլև խնդրահարույց էին: Մասնավորապես՝ Առաքելյանի պատասխաններից պարզ էր դարձել, որ, ասենք, ոչ մի սարսափելի բան չկա, երբ Հայաստանում ադրբեջանական ծագման գյուղմթերք է իրացվում, գյուղացիների փոխհատուցման հարցում դեռևս որոշում չի կայացվել, շուկայում գյուղմթերքի թանկության հետ էլ գյուղնախը ոչ մի կապ չի կարող ունենալ, քանի որ Հայաստանը կապիտալիստական երկիր է: Դե, իսկ հողերի աճուրդային վաճառքի մասին խոսելն, առհասարակ ավելորդ է, քանի որ Կառավարությունն այդ քայլին է գնում՝ բացառապես Հայաստանը երազի երկիր դարձնելու ազնիվ մղումից դրդված: Մի խոսքով՝ հայ չինովնիկին հատուկ դասական պատասխաններ: Հիմա հարց է առաջ գալիս՝ եթե պարոն Իգնատի Առաքելյանն ունի բոլոր հարցերի պատասխանները, եթե նախարարության կատարողականը կատարյալ է, եթե որևիցե լուրջ խնդրի հետ Գյուղատնտեսության նախարարությունը և մանավանդ Իգնատի Առաքելյանը՝ չունեն որևիցե առնչություն, ապա ինչո՞ւ է Հայաստանի գյուղատնտեսությունը նման ծանր վիճակում: Եթե նախարարը կատարյալ է գնահատում իր կատարողականն, ապա ինչո՞ւ ենք մնացել թուրքական ու ադրբեջանական գյուղմթերքի հույսին...
Ցավոք սրտի, Հայաստանում գրեթե ոչ ոք վաղուց սեփական աշխատանքին լուրջ չի վերաբերվում, իսկ շատ չինովնիկներ էլ, առհասարակ գլխի էլ չեն՝ ինչ են շինում Կառավարությունում: Գործ է՝ անում են, պաշտոն է՝ յոլա են տանում: Բա իրենք զահլա ունե՞ն՝ մի հատ նորմալ վերլուծություն անեն, տեսնեն՝ ինչ է կատարվում իրենց ոլորտներում... Կյանքը կարճ է, պետք է այն վայելել:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ