Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի համոզմամբ՝ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը որևէ մեկի դեմ չէ. «Ստիպված եմ մի փոքր կոշտ արձագանքել. ինչքա՞ն կարող ենք նույն բանը կրկնել՝ ՆԱՏՕ-ն որևէ այլ կառույցի դեմ չէ: Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը ընդամենը փոխլրացնող համագործակցություն  է»,-նշեց քաղաքագետը՝ շեշտելով, որ ՆԱՏՕ-ն Հայաստանի հետ կհամագործակցի մի շարք բարեփոխումներից հետո միայն:

ԼՈւՐԵՐ.com-ի հացին՝ հատկապես ո՞ր ոլորտներին են վերաբերվում պահանջվող բարեփոխումները, Ստեփան Գրիգորյանը պատասխանեց. «Առաջինը օրենսդրական բարեփոխումներն են: ՆԱՏՕ-ն պահանջում է վերացնել կոռուպցիան բանակում, ինչն, ի դեպ, ԵՏՄ-ն մեզանից չի պահանջում: Պահանջվող բարեփոխումների շարքին է դասվում նաև բանակ- հասարակություն փոխգործակցությունը»:

Ստեփան Գրիգորյանը խոսեց նաև ՆԱՏՕ-Հայաստան ռազմական համագործակցության մասին՝ շեշտելով, որ ի տարբերություն մեր ռազմավարական գործընկերոջ, ով զինում է մեր հակառակորդ Ադրբեջանին, ՆԱՏՕ-ն նման քայլի չի դիմում:

«Սա շատ կարևոր բաղադրիչ է, երբ քո գործընկերը հաշվի է նստւմ քո շահերի հետ, ինչին միտված է ՆԱՏՕ-ի քաղաքականությունը, ոչ թե Ռուսաստանի նման պատճառաբանում է, որ զենք է վաճառում, շատ լավ է անում և վերջ»,-նշեց քաղաքագետը: