Ամերիկյան ֆինանսատնտեսական ամենահեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հաճախակի դրսեւորմանը եւ վերլուծել դրանց պատճառահետեւանքային կապը Ադրբեջանի՝ անկում ապրող տնտեսության հետ:
«Մայիսի 18-ին Ադրբեջանն առաջացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ապա՝ նաեւ Ռուսաստանի արտգործնախարարության զայրույթը՝ խախտելով նախորդ տարի հակամարտող կողմերի միջեւ հաստատված անկայուն հրադադարը: Նա սա համարում է բավականին եզակի քննադատություն պատմականորեն չեզոք կառույցների կողմից»,- գրում է հոդվածի հեղինակ Մովսես Տեր-Հովհաննիսյանը:
Նա նշում է, որ օգտագործելով իսրայելական Spike հակատանկային հրթիռային համակարգը՝ Ադրբեջանը թիրախավորեց Արցախի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը:
«Սա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ադրբեջանը մի քանի անգամ պարբերաբար հայտարարեց Հայաստանի կողմից բռնության դրսեւորման մասին: Ադրբեջանը նմանատիպ հայտարարություններով հանդես եկավ նաեւ այն ժամանակ, երբ արժեզրկեց իր ազգային տարադրամը՝ մանաթը, 2015 թվականին, ինչը հանգեցրեց նրան, որ միջին կենսամակարդակ ունեցող ադրբեջանցին կորցրեց իր խնայողությունների համարյա կեսը»,- նշել է Մովսես Տեր-Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ այս ճգնաժամին հաջորդեց 1994 թվականի Բիշքեկում Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ կնքված հրադադարից հետո շփման գծում ամենամեծ բռնության դրսեւորումը:
«Հենց նույն շաբաթվա ընթացքում, երբ թիրախավորվեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության համակարգը, Ադրբեջանի միջազգային բանկը ձախողեց 100 մլն վարկի վճարումը եւ Նյու Յորքում հայտարարեց իր սնանկացման մասին: Դրանից հետո բանկը Ադրբեջանի էներգետիկ հսկա համարվող պետական նավթային ընկերությանը՝ SOCAR-ին տրամադրեց 2 մլրդ դոլար վարկ, սակայն ընկերությունը նույնպես չարդարացրեց սպասելիքները եւ համաշխարհային վարկանիշային «S&P Global Rating» ընկերության կողմից արժանացավ բացասական գնահատականի»,- ընդգծում է հոդվածագիրը:
Վարկային վարկանիշների կտրուկ նվազում, նավթի եւ գազի արտադրության անկում, երկրի շինարարական հատվածի հետընթաց, դրան զուգահեռ գնաճ. հեղինակն Ադրբեջանում տիրող իրավիճակը համեմատում է «հոլանդական հիվանդության հետ, երբ տնտեսության որոշակի հատվածի առաջխաղացումը զուգակցվում է մյուս հատվածների անկման հետ: Նավթային եկամուտներից կախված իր իշխանությունը պահպանել ցանկացող Ալիեւին մնում էր ոչ այլ ինչ, քան հանգստացնել բնակչությանը՝ համախմբելով դրոշի շուրջ»:
«Նախորդ տարվա ապրիլին լայնամասշտաբ ադրբեջանական ագրեսիան դրսեւորվեց Պանամայի փաստաթղթերի հրապարակման նախօրեին. դրանք բացահայտեցին Ալիեւների ներգրավվածությունը խարդախության ու նեպոտիզմի մեջ»,- հիշեցնում է հոդվածագիրը:
Հեղինակի խոսքով՝ Ադրբեջանի կողմից շփման գծում իրավիճակի հաճախակիացող սրումը միանշանակ պայմանավորված է թե երկրի տնտեսության անկմամբ, թե Ադրբեջանի մեծ ցանկությամբ՝ բացահայտելու վերջին տասնամյակում Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայելից գնված զինտեխնիկայի կարողությունները: Իսկ Թալիշ գյուղի մոտակայքում վերջերս 10 տանկերի տեղակայումն ու դուրսբերումը հեղինակը համարում է ոչ այլ ինչ, քան մոլորության մեջ գցելու նպատակ հետապնդող մի ծրագիր. Ադրբեջանն այսպես փորձարկումներ է իրականացնում:
«Ալիեւի ռեժիմը չի կարող իրեն թույլ տալ երկարաժամկետ պատերազմ այն դեպքում, երբ իր նավթային ենթակառուցվածքը հնարավոր է հայտնվեն սպառնալիքի տակ, ուստի այն պարզապես սահմանափակվելու է բախումներով, ինչին ականատես եղանք նախորդ տարի»,- եզրափակում է Forbes-ի հոդվածագիրը:
Սյուզի Մուրադյան