Հուլիսի 14-ը ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Տարեդարձի նախօրեին ԼՈւՐԵՐ.com-ը զրուցել է գեներալի հետ:

 - Պարո՛ն Գրիգորյան, ի՞նչ զգացողություն ունեք տարեդարձի նախօրեին՝ հետադարձ հայացք նետո՞ւմ եք ապրած կյանքին, ինչպե՞ս եք գնահատում Ձեր անցած ուղին: Ձեզ հաջողակ համարո՞ւմ եք:

- Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: Կարողացել եմ ողջ գիտակցական կյանքս ապրել՝ օգտակար լինելով ազգիս, հայրենիքիս, պետությանս, ընտանիքիս, ընկերներիս, երեխաներիս, թոռներիս:

Մասնակից եմ եղել Արցախի, Հայաստանի սահմանների պաշտպանությանն ու ազատագրմանը, բանակաշինությանը, պետականաշինությանը: Ոչ միայն տեսականորեն գիտեմ, այլեւ ապրածս կյանքով համոզվել եմ, որ ամենաթանկ նվաճումը անկախությունն է, պետության ստեղծումն է, հայրենիքն է, Արցախի ինքնապաշտպանությունն է: Եվ եռասերունդ Երկրապահը տեր է երկրին, պետությանը, անկախությանը: Ամենամեծ ձեռքբերումն այս ճանապարհին համարում եմ եռասերունդ երկրապահական ընտանիքի կայացումը՝ պատանի, երիտասարդ երկրապահների համար հայրենասիրական դասընթացների կազմակերպումը: Հպարտ եմ, որ այդ կերպ մենք Երկրապահում վաղվա հզոր Հայաստանի, վաղվա բարեկեցիկ եւ պաշտպանված Արցախի սերմերն ենք ցանում:
Լիարժեք երջանիկ կզգամ ինձ, երբ համոզված լինեմ, որ այս իղձս էլ իրականացել է: Իսկ դա պարտադիր կլինի, քանի որ մենք այսօր ճիշտ ուղու վրա ենք…
Աստված պահապան մեզ, մենք էլ, միասնաբար տեր լինենք մեր անկախությանը:

- Ծննդյան տարեդարձը ճո՞խ եք նշելու:

- Կարեւորը մթնոլորտն է, կարեւորը մարդիկ են, որոնց հետ նշելու եմ՝ միջավայրն է: Տոնելու եմ ընտանիքիս, հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս հետ, եռասերունդ երկրապահական ընտանիքի հետ: Տոնելու եմ մարդակնց հետ, ովքեր անկեղծորեն բարին են կամենում ինձ եւ ինքս էլ փոխադարձաբար նրանց ամենայն բարիք եմ կամենում, այնպիսի մարդկանց հետ, այնպիսի շրջապատում, որում յուրաքանչյուրը հնարավոր ամեն ինչ անում է մյուսների համար: Երկրապահում անխափան աշխատում է «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» հայտնի սկզբունքը, եւ բոլորս միասին ամեն ինչ անում ենք նաեւ հայ ազգի, Հայաստան պետության, հայկական Արցախ պետության համար:

- Մի քիչ էլ, եթե կարելի է, գործերից խոսենք: Երկրապահն ակտիվորեն մասնակցեց 2016-ի ապրիլյան պատերազմին: Եթե նման առիթ լինի, դարձյա՞լ կհավաքվեք հազարներով:

- Երկրապահը պետության ստեղծման ակունքներում է եղել, բանակի ստեղծողն է եղել: Մենք չենք կարող անտարբեր լինել մեր պետության ճակատագրի նկատմամբ: Աստված մի արասցե՝ եթե պահանջվի, հիմա առավել պատրաստ ենք: Արդեն ունենք «Երկրապահ» զինվորական կազմավորումը, որն ունի հստակ կառուցվածք՝ գումարտակներ բոլոր մարզային կառույցներից: Երկրապահը հավատարիմ է երդմանը: Մենք մեր երկրի տերն ենք եւ մեր երկրի նվիրյալը: Երկրապահ հայն օրվա 24 ժամն էլ մտածում է երկրի, պետության, ազգի մասին:

- Հուլիսի սկիզբը շատ լարված ստացվեց։ Պատերազմի հոտ առնո՞ւմ եք։

- Չկա այնպիսի գիտություն, որ կարողանա կանխատեսել, թե երբ կվերսկսվի լայնամասշտաբ պատերազմը։ Բայց ես կրկնեմ հայտնի ճշմարտությունը՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի։ Հատկապես մեր նենգաբարո ոսոխին ճանաչելով՝ մենք պետք է մշտարթուն լինենք։

Մենք պարտավոր ենք ամեն մի վայրկյան պատրաստ լինել պատերազմին, պարտավոր ենք միշտ դրանցից ուժեղ լինել։ Դա է պատերազմի վերսկսումը կանխելու միակ երաշխիքը։ Այսօր էլ սահմանին ցավալի կորուստներ ենք ունենում։ Դրանց յուրաքանչյուր արարք պատժվում է, բայց մեզ համար մեր զինվորի, մեր քաղաքացու կյանքը շատ թանկ է։ Մենք պետք է այնքան ուժեղանանք, որ սահմանային այս միջադեպերը լրիվ բացառենք։ 

- Առջեւում օգոստոսն է: Դարձյա՞լ լինելու է ուխտագնացություն Արցախ:

- Նախ ասեմ, որ Երկրապահը միշտ էլ Արցախում է: Մենք 1989-ին ենք մեկնել առաջնագիծ եւ դեռ դիրքերից չենք վերադարձել: «Երկրապահ» զորամիավորման գումարտակները, հաստատված գրաֆիկով, շարունակաբար լինում են սահմանային զորամասերում, մարտական հենակետերում: Ինչ վերաբերում է երկրապահական ուխտագնացությանն, ապա բնականաբար, օգոստոսի 2-րդ կեսն Արցախում ենք անցկացնելու:

Երեք սերունդների երկրապահներով, զոհված, անհայտ կորած, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների անդամներով, մտավորականներով, արվեստագետներով այցելելու ենք Արցախի բոլոր բնակավայրեր, բոլոր շեներ, խորանրհվելու ենք մեր նահատակված ընկերների պատվին կանգնեցված խաչքարերի առաջ, Ջուղայի խաչքարերի կրկինօրնակների, այլ պատմական հուշարձանների մոտ ենք լինելու: Համերգային ծրագրեր ենք նվիրելու Արցախի հերոսական ժողովրդին: Արցախի առաջին դասարանցիներն արդեն իսկ սպասում են երկրապահական պայուսակներին:

Արդեն ավանդույթ է, որ Արցախի բոլոր առաջին դասարանցիները դպրոց պետք է ոտք դնեն Երկրապահի նվիրած, գրենական պիտույքներով լի պայուսակներով: Ի դեպ, արդեն երեք տարի է, որ Ամանորին եւս դեպի Արցախ ուխտագնացություն ենք կազմակերպում, շնորհավորում ենք բոլոր արցախցիներին՝ բնակչություն, զորամասեր, մարտական հենակետեր, ծերանոցներ, մանկատներ, հիվանդանոցներ, հոսպիտալներ, կալանավայրեր: Այս տարի Արցախյան ուխտագնացություն իրականացրել ենք նաեւ մայիսին՝ պաշտպանության բանակի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: Այնպես որ՝ այս տարի արդեն 3-րդ Արցախյան ուխտագնացությունն է լինելու: Մենք միշտ Արցախում ենք, միշտ արցախցու հետ ենք, սահմանաբնակ ժողովրդի հետ ենք:

- Երկրապահական ճամբարո՞ւմ գործերն ինչպես են: Դասընթացները շարունակվո՞ւմ են:

- Պատանի, երիտասարդ երկրապահների համար հրամանատարասերժանտական դասընթացներն անցկացնում ենք ողջ տարվա ընթացքում: Ամռանը դասընթացներ կան ինչպես տարածքային բաժանմունքներում, այնպես էլ՝ Գեղարքունիքի ճամբարում: Ճամբարում հանգիստը զուգահեռվում է ուսումնամարզական վարժանքների հետ: Ճամբարում դասընթացներ վարում են ազատամարտիկ երկրապահները, գործընկեր կառույցների ներկայացուցիչներ, տարբեր ոլորտների մասնագետներ:

Պատանիներն ու աղջիկները անցնում են շարային, կրակային պատրաստություն, սովորում են կողմնորոշվել արտակարգ իրավիճակում, առաջին բուժօգնություն ցուցաբերել, հայոց պատմությանը, հայ առքելական եկեղեցու պատմությանն են ծանոթանում, այցելում են պատմաճարտարապետական հուշարձաններ: Ճամբարային պայմաններն էլ աստճանաբար բարելավում ենք: Շինարարությունը լայն թափով ընթանում է: Մի քանի տարի անց հասնելու ենք նրան, որ ճամբարը նպատակին ծառայի ողջ տարվա ընթացքում:

- Շնորհակալություն հանգամանալից զրույցի համար եւ մեկ անգամ էլ օրվա խորհրդին անդրադառնանք՝ շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ, մաղթում ենք Ձեզ եւ Ձեր ընտանիքին ամենայն բարիք:

- Շնորհակալություն: Ես էլ Ձեզ, Ձեր ընթերցողներին, ինձ ու ընտանիքիս, նաեւ՝ Երկրապահին բարի կամեցողներին եմ ամենայն բարիք մաղթում, մեր ազգին, մեր պետությանն եմ հաջողություններ մաղթում: