Հայկական բարեգործական ընդհանուր միությունը  կոչ է անում Եվրամիությանը և եվրոպական մարդասիրական կազմակերպություններին ներգրավվել Արցախի  ժողովրդի կյանքում։ Այս նպատակով նրանք սկսել են արշավ- ստորագրահավաք:

Հունիսի 7- ին մեկնարկած ակցիան այս պահին ունի 2000 ստորագրություն: Ակցիային մասնակցել է 60 հասարակական-քաղաքական դեմք, այդ թվում՝ Եվրախորհրդարանի պատգամավորներ:
Այս թիվը, սակայն, դեռ շատ քիչ է, կարծում է Բելգիայի հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի ընդհանուր համակարգող Շահնուր Մինասյանը:

Ստորագրությունները վերջում կներկայացվեն եվրոպական տարբեր կազմակերպություններ՝ աջակցություն ստանալու նպատակով. «Արցախում այսօր Եվրոպայի ներգրավվածությունը համարյա հավասար է զրոյի: Մեր այս նախաձեռնության նպատակը եվրոպական ՀԿ-ների ներգրավումն է Արցախում, փոխգործակցությունն արցախյան ՀԿ-ների հետ: Ուզում ենք հասկանալ՝ ինչ կարող ենք անել՝ թեկուզ փոխայցելությունների և տեղեկատվության փոխանակման առումով: Ենթադրվում է նաև ֆինանսական աջակցություն, սակայն  նպատակն ամենեւին դա չէ»,- նշում է Շահնուր Մինասյանը:

Ստորագրահավաք-արշավի արդյունքները կամփոփվեն աշնանը, սակայն այն շարունակական բնույթ կկրի: Նախատեսվում է Ացախին օգնելու թեմայի շրջանակներում կոնֆերանս կազմակերպել Եվրախորհրդարանում: