Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումների մեջ որեւէ նոր մոտեցում չկա: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվելյուցիա» հաղորդման ընթացքում հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դիրքորոշումների մեջ փոփոխություն՝ գոնե հայկական դիրքորոշման մեջ, ես չեմ ենթադրում։ Ինչ վերաբերում է զիջումներին, վերջին 20 տարիների ընթացքում մենք որեւէ կերպ, որեւէ տեղ, որեւէ ձեւով չենք խոսել զիջումների մասին։ Մենք մշտապես խոսել ենք եւ հիմա էլ շարունակում ենք խոսել խնդրի լուծման փոխզիջումային տարբերակի մասին։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ ես վստահ եմ, որ եթե այս խնդիրը եթե 20 տարի էլ լուծում չստանա, ապա հայկական կողմի մոտ երբեք չի լինի ցանկություն զիջումների միջոցով գնալ իրավիճակի թեթեւացման։ Որովհետեւ սա կործանարար ճանապարհ է եւ սա երբեք խնդիրները չի կարող լուծել»,- ասել է նախագահը:

«Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է։ Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչև ապրիլյան քառօրյան, այնպես էլ դրանից հետո։ Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես և հետևություններ անես։ Որովհետև հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսևորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում և ինչ ձևով է օգտագործում, և փորձես գտնել դրա հակաթույնը»,- խոսելով ապրիլյան պատերազմից հետո բանակի համալրումների մասին՝ հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով 80-ականների զենք ունենալու մասին իր հայտարարությանը, որը տարատեսակ շահարկումների առիթ դարձավ, ՀՀ նախագահն ասել է. «Իրենց քաղաքագետ կոչողները պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը որ լսարանում է հնչում և ինչ նպատակով է հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ այո, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ինչ է՝ գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզնից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա և այլն։ Գաղտնիք չէ։ Եթե որևէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից, որովհետև դա «շառլատանություն» է, դա սուտ է։ Դրա համար շատ տևական ժամանակ է պետք։ Մենք և՛ այն ժամանակ, և՛ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը»:

«Պատերազմում միայն զենքը չի հաղթում,-նշեց նախագահը,-պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետև դա անհնար է, որևէ երկրի համար է անհնար, այլ բավարար զինատեսակ և զինամթերք՝ խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ և բավարար զինամթերք»,-հավելեց Սերժ Սարգսյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում.