Բոլիվուդյան կինոարտադրողները Հայաստանում, հուլիսի սկզբից սկսել են գեղարվեստական ֆիլմի նկարահանում: Ֆիլմի ռեժիսորն է Սելվարա Գավանին: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Շարմ հոլդինգ»-ի գլխավոր պրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանն ասաց, որ նկարահանումները կշարունակվեն մինչև հուլիսի վերջ: Համագործակցող կողմերը վստահ են, որ հնդկական ֆիլմի նկարահանումը Հայաստանում կխթանի միջմշակութային կապերի ամրապնդմանը:
«Այժմ նկարահանումներ են իրականացվում և կիրականացվեն Սևանում, Դիլիջանում, ինչպես նաև Երևանի տեսարժան շատ վայրերում: Գեղարվեստական ֆիլմը մելոդրամա է, որում ներկայացվում է սիրո պատմություն՝ մի տղայի և աղջկա մասին, ովքեր գալիս են Հայաստան սովորելու: Եկել են նկարահանող ողջ թիմով՝ մոտ 30 հոգի: Բոլոր մասնագետներին բերել են իրենց երկրից, հայ վարսահարդարի կամ դիմահարդարի կարիք չի զգացվի»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանն ու հավելեց, որ այնուամենայնիվ, էպիզոդիկ դերերում կնկարահանվեն նաև հայ դերասաններ:
Նրա խոսքով՝ Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը, տնտեսական ամենատարբեր ծրագրերի շարքում ուսունասիրել էր նաև հնդկական կինոշուկան և, շահագրգռված լինելով Հայաստանի և Հնդկաստանի միջև մշակութային և գործնական կապերի զարգացմամբ, հնդիկ կինոարտադրողներին առաջարկել էր Հայաստանը դիտարկել որպես կինոարտադրության հեռանկարային երկիր: Նկարահանումների կազմակերպման հարցում Հայաստանում Հնդկաստանի դեսպանության ընտրությամբ՝ հնդիկ կինոմատոգրաֆիստները համագործակցում են «Շարմ հոլդինգ»-ի հետ:
«Հնդկական ֆիլմարտադրությունը բավականին զարգացած է և ամենաշատ ֆիլմերը տարվա ընթացքում նկարահանվում են Հնդկաստանում՝ մոտ 1000 ֆիլմ: Եթե Հնդկաստանի բնակչության կեսն էլ տեսնի Հայաստանում նկարահանված ֆիլմ, մեր երկիրը մեծ ճանաչելիություն կունենա: Այն առաջին հերթին կխթանի նաև մեր տնտեսությունը: Մենք շահագրգռված ենք Հայաստանում ֆիլմարտադրության զարգացմամբ»,-ասաց Լիլիթ Մարտիրոսյանը:
Ֆիլմը նկարահանվում է և ցուցադրվելու է հնդկական շուկայում: Տարվա վերջին այն կբարձրանա մեծ էկրան: Հայաստանում հնդկական ֆիլմի նկարահանում առաջին անգամ է իրականացվում: Մինչ այդ Հայաստանում նկարահանումներ են իրականացրել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ուզբեկստանից, Վրաստանից: Առաջիկայում համագործակցություն է սպասվում նաև այլ երկրների հետ: