Ի պատասխան 168.am-ի հարցին, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ՀԱԿ-ի՝ մասնավորապես Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու մտադրություն այս պահին ունի՞, «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը պատասխանեց. «Մենք կոնսուլտացիաներ անելու պատրաստակամություն ունենք բոլոր քաղաքական ուժերի հետ: Թե ինչ ձևաչափով կնախընտրի իր տեսակետները ներկայացնել ու մասնակցել ՀԱԿ-ը, դա իր որոշելիքն է»:

Հարցին, թե դուք հանդիպման հայտ եք ուղարկել ՀԱԿ-ին ու սպասում եք ՀԱԿ-ից պատասխանի՞, Խուրշուդյանը պատասխանեց. «Ես տեղյակ չեմ, որ մենք հայտ ուղարկած լինենք»: Նա ավելացրեց, որ հանդիպումները լինում են փոխադարձ ցանկությամբ:

Մեր ճշտմանը, թե ՀԱԿ-ի հետ փոխադարձ ցանկությամբ հանդիպում առաջիկա օրերին չի՞ սպասվում, Խուրշուդյանը չբացառեց՝ հիշեցնելով. «ՀԱԿ-ից ներկայացուցիչներ մեզ միացել են, ելույթ են ունեցել մեզ հետ հարթակում, կարծում եմ որևէ խնդիր չկա»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ արդյունքներ տվեց ԲՀԿ-ի հետ հանդիպումը, ինչին ի պատասխան՝ կուսակցության խոսնակն ասաց. «Հանդիպման բոլոր արդյունքները, համենանյդեպս մասը, որը հրապարակման ենթակա էր, տարածվել է մամուլի միջոցներով: Այլ մեկնաբանություններ այս պահին ավելացնել նպատակահարմար չեմ գտնում»:

Ինչ վերաբերում է այդ հանդիպման առնչությամբ հնչող քննադատություններին, Հովսեփ Խուրշուդյանը նկատեց, որ եթե Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց Սերժ Սարգսյանին ու քննարկեց ճգնաժամից դուրս գալու ուղիները, ինքը չի տեսնում պատճառներ՝ չհանդիպելու ԲՀԿ-ի հետ:

Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությանը, թե վաղը ժամը 5-ին հրապարակ են գալու Տարոն Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը, Խուրշուդյանը նշեց, որ Ր. Հովհաննիսյանի կողմից հնչեցրած հրավերը հանրային հաշվետվություն է և ցանկացած նորմալ երկրում նման կարգի հրավերները նվազագույնը կհարգվեն: