«Զվարթնոց»-ի բացօթյա կինոսարահում հուլիսի 29-ին հետաքրքիր ու գեղեցիկ՝ հռչակավոր կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս  Մոցարտի ստեղծագործական կյանքի, ոչ պակաս տաղանդավոր կոմպոզիտոր Անտոնիո Սալիերիի անձնական դժբախտության մասին պատմող ֆիլմի ցուցադրությունն էր։ «Օսկար»-ի արժանացած ֆիլմը արգելոց-թանգարանի այցելուները մեծ հետաքրքությամբ են դիտել:

Ինչպես տեղեկացրին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից՝ հաշվի առնելով նաև մեր հայրենակիցների կարծիքները՝ ՊՈԱԿ-ի տնօրինությունը հետագայում էլ կինոդիտումներին կներկայացնի ոչ միայն հայրենական, այլև` համաշխարհային ֆիլմարտադրության լավագույն կինոժապավենները:

Մշակութային կյանքի աշխուժացմանը, հուշարձանների հանրահռչակմանը միտված այս նախաձեռնությունը իր այցելուներին խոստանում է նորանոր ու հետաքրքիր այլ  գաղափարների իրականացում: