Մարտի 13-ին Գյումրիում երգչուհի, ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ջազ-համերգն է, բայց մի խումբ գյումրեցիներ սպառնում են համերգը խափանել և որպես պատճառ նշում են այն, որ օրերս «Կենտրոն» հեռուստաընկերության «Հայկական ուրբաթ» հաղորդաշարի եթերում բանավեճի ընթացքում Շուշան Պետրոսյանն ասել է, որ անազնիվ է համարում ընտրակաշառք և՛ վերցնելը, և՛ տալը: «Բարև Գյումրի» ֆեյսբուքյան էջում գյումրեցիները սպառնում են օճառով և վարունգով դիմավորել երգչուհուն, եթե նա ներողություն չխնդրի գյումրեցիներից նրանց վիրավորելու համար, ըստ նրանց՝ երգչուհին վիրավորել է ՀՀ քաղաքացուն, որի մեջ մտնում է գյումրեցին:
Շուշան Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ միշտ շատ բարձր է գնահատել Գյումրիի հանդիսատեսին, և, իհարկե ինքը պետք է երգի համերգին և պետք է երգի մեծ սիրով: Նա նշեց, որ ակնկալում է, որ իրեն առանց պատճառի վիրավորած գյումրեցիներն ամեն դեպքում իրենից ներողություն կխնդրեն: «Միակ ցավն այն է, որ ինձ համար միշտ բարձր արժանապատվություն ունեցող գյումրեցին կարող է արտահայտվել նման ձևով, ինձ մեղադրում են մի բանում, որի հետ ընդհանրապես կապ չունեմ, և ինձ մեղադրում են իմ չասած բանի մեջ, ես «գյումրեցի» բառը չեմ հնչեցրել: Եվ հիմա տեսնում եմ՝ այս նամակներին հավանություն են տալիս այն մարդիկ, որոնք իրական գյումրեցու հետ որևէ կապ չունեն»,-ասաց երգչուհին՝ հավելելով, որ հիմա, սակայն, ստանում է հանրային աջակցություն, շարքային քաղաքացիներ, չճանաչելով իրեն, իրենց աջակցությունն են հայտնում, վերլուծում են իրավիճակը՝ անշուշտ, հենվելով փաստերի վրա:
Անդրադառնալով 5000 դրամ ընտրակաշառքին՝ պատգամավորը նշեց, որ հաղորդման ընթացքում ինքը երևույթն է նկատի ունեցել.«Ես ասում եմ՝ հավասարապես հանցակից են և՛ վերցնողը, և՛ տվողը, հավասարապես պատասխանատու է թե՛ տվողը, թե՛ վերցնողը: Կասկածամիտներին առաջարկում եմ դիտել մեկ անգամ ևս 00:49 րոպեից»։
Շուշան Պետրոսյանը նաև նշեց, որ վերջին չորս-հինգ տարիների ընթացքում շատ կարևոր բարեփոխում տեղի ունեցավ խոսքի ազատության առումով, թեև դա ձեռքբերում է, բայց, նրա խոսքով դա չի կարելի շփոթել «վուլգարության» հետ. «Եվ, ի վերջո, ես ուզում եմ հասկանալ՝ ի վերջո ո՞րն է իմ պահվածքի այդքան քննադատությունը: Իմ անմիջական լինե՞լը։ Իսկ ի՞նչ են իրենք ինձնից ուզում, կաղապարների մեջ սառն ու անկենդան խոսող մեկը՞ լինեի... ոչ, ես միշտ եղել եմ անմիջական, եթե ես ինչ-որ թեմայի մասին խոսել եմ, ուրեմն ինձ մտահոգել է այդ թեման»:
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Գյումրին, այնուամենայնիվ, նման արդյունքներ գրանցեց ընտրություններին, Շուշան Պետրոսյանը նկատեց, որ երկրում շատ են անելիքները, առողջ մրցակցություն է և առհասարակ ժամանակն է եկել, որ մարդիկ իրենցից դուրս առաջնահերթ մտածեն երկրի մասին: «Ինչ վերաբերում է գյումրեցուն, չեմ կարծում, թե Գյումրին վերջին հինգ տարիների ընթացքում բողոքելու տեղ շատ ունի, թաղամասեր են բացվել, ես եղել եմ այդ թաղամասերի բացմանը և շատ ուրախ եմ եղել, որ վերջապես աղետի գոտու դոմիկներից շատերը տեղափոխվեցին նորմալ թաղամասեր, այնուամենայնիվ, չեմ քննադատում, ընդամենը զարմացա, որ այսքան աշխատանք է արվել Գյումրիում, այնուհանդերձ, Գյումրիում ձայների մեծամասնությունը տվել են Րաֆֆի Հովհաննիսյանին: Սա խոսում է առողջ ընտրությունների մասին, ես չեմ կարող ասել որ ընտիր և իդեալական ընտրություններ են, բայց այս տեսակ ընտրություններ առ այսօր Հայաստանը չի ունեցել: Հուսամ, որ հաջորդը կգերազացի այս մեկին»,-հավելեց Շուշան Պետրոսյանը:
Ի դեպ, համերգի կազմակերպիչ, «Ջազը Գյումրիում» նախագծի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը կայքի հետ զրույցում նշեց, որ այս պահին սպառվել են Շուշան Պետրոսյանի համերգի բոլոր տոմսերը: Նա նաև նշեց, որ հարգում է երիտասարդներին, և եթե բոյկոտողներ կան, թող գան, դա չի խանգարի համերգի կայացմանը, քանի որ համերգի տոմսերը վաճառվել են. «Երկու հարյուր հոգին Շուշան Պետրոսյանի սիրահարներն են, որոնք ուզում եմ համերգ վայելեն»։