Վարչապետը այսօր Արմավիրի մարզում էր, որտեղ մարզի ղեկավարների հետ հանդիպման ընթացքում իր գոհունակությունը հայտնեց մարզի արձանագրած ցուցանիշներից՝ արդեն 7-րդ տարին է՝ մարզը հանրապետությունում միակն է, որտեղ առաջին դասարան հաճախող երեխաների թիվն ամեն տարի նախորդ տարվա համեմատ ավելանում է 150-225-ով: Այն, որ Արմավիրի մարզը այս ցուցանիշով միակն է, ոչ թե գոհունակության առիթ պետք է դառնա, այլ խոր մտորումների: Սա ի ցույց է դնում այն՝ մեղմ ասած աղետալի վիճակը, որն այսօր առկա է Հայաստանի մնացած մարզերում՝ հատկապես՝ սահամանամերձ:
 
Հանրակրթության մասին օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունը հռչակում և երաշխավորում է հանրակրթության բնագավառի զարգացումը` որպես անհատի և հասարակության անվտանգության և կայուն զարգացման ապահովման, հայ ինքնության պահպանման կարևոր երաշխիք:
 
Սակայն թվերը բացահայտում են մի իրողություն, որը լուրջ կասկածի տակ է դնում այդ երաշխիքը: 2016/2017 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 1 432 դպրոց, որից 259-ը՝ Երևանում, 2010/2011-ին Հայաստանում գործել է 1450 դպրոց, 259-ը՝ Երևանում։ Վերջին տարիների ընթացքում նվազել և շարունակում է նվազել ոչ միայն դպրոցների թիվը, այլև աշակերտների․ այսպես՝ 2016/2017-ին դպրոցներում սովորում է 364 868 աշակերտ, 10 տարի առաջ՝ 2007/2008 ուս տարում սովորել է ավելի քան 66 հազարով շատ՝ 431 280 աշակերտ։ 10 տարի առաջ աշակերտների թիվը մոտ 1,4 անգամ՝ 141,4 հազար աշակերտով ավելի էր։ Այս ցուցանիշի հետընթացը կարելի է բացատրել ժողովրդագրության անբարենպաստ վիճակով՝ ծնելիության նվազմամբ, արտագաղթով։ Նաեւ չանտեսենք այն փաստը, որ որոշ ընտանիքներ պարզապես ֆինանսական հնարավորություններ չունեն դպրոցական ծախսերը հոգալու համար։ Այս ամենի մասին կառավարությունում քաջատեղյակ են: Քաջատեղյակ են նաև, որ առնվազն զավեշտալի է խոսել մեգապոլիսներ կառուցելու մասին, երբ սահմանիդ գյուղերը, դպրոցները դատարկվում են: Հասկանալը ՝ հասկանում են, սակայն կառավարությունը չունենալով նման ռազմավարական խնդիրների լուծման բանալիները զբաղվում է ֆեյք օրակարգերի ձևավորմամբ, տպավորություն ստեղծելով, որ Հայաստանում սայլը տեղից շարժվել է: Ծխախոտի դեմ պայքարը, մեգապոլիսների մասին խոսակցությունները ընդամենը այդ ֆեյք օրակարգի մի մասն են կազմում: Համաձայնեք, որ այդ խնդիրները անգամ մեծ ցանկության դեպքում չես անվանի Հայաստանի համար առանցքային և այսրոպեական լուծում պահանջող: Կարեն Կարապետյանը լինելով փայլուն մենեջեր չի կարող չգիտակցել, որ կենացներ հնչեցնելով, մարզպետներին քսի տալով Հայաստանը չի դառնա Սինգապուր, քանի դեռ չեն լուծվում ռազմավարական, խորքային և ազգային անվտանգությանը սպառնացող խնդիրները, որոնցից մեկն էլ ՝ հենց դատարկվող դպրոցներն են:
 
Նախ՝ խնդրին պետք է մոտենալ ազգային անվտանգության տեսանկյունից։ Հայտնի է, որ բոլոր ժամանակներում եւ բոլոր երկրներում պետական սահմանի պաշտպանությունը միայն սահմանապահների վրա չի եղել. տեղի բնակչությունը գրեթե հավասարապես կրել է այդ ծառայությունը։ Ուրեմն, սահմանամերձ գոտու բնակիչները սոսկ գյուղացիներ չեն։ Նրանք իսկապես բոլոր առումներով տարբերվում են մայրաքաղաքամերձ գյուղաբնակներից ու կարոտ են հատուկ վերաբերմունքի։ Պետությունը պարտավոր է նրանց համար այնպիսի արտոնյալ պայմաններ ստեղծել, որպեսզի արտահոսքը գոնե չափավորվի։Արդյոք կառավարությունում չե՞ն հաշվարկել, որ սահմանը պահողը, բացի սահմանին կանգնած մեր զինվորից, նաեւ գյուղն է։ Սահմանին կանգնած զինվորը կռվում է, որովհետև իր թիկունքում գյուղ կա, մարդիկ կան, երեխաներ կան և որն ամենակարևորն է՝ դպրոց կա: Եվ այն պարագայում, երբ քո վարած քաղաքականության պատճառով թուլանում է զինվորիդ թիկունքը, որքա՞նով է ճիշտ օրակարգային դարձնել մեգապոլիսների ստեղծումը և ո՞ւմ համար են դրանք նախատեսված, երբ Հայաստանը դատարկվում է…
 
Ստելլա Խաչատրյան