Հովհաննես Թումանյանի թբիլիսյան վերջին բնակարանում՝ Ամաղլեբա փողոցի թիվ 18 տանը, 2017 թվականի օգոստոսի 5-ին կայացավ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի բացումը՝ նոր էջ դառնալով հայ-վրացական մշակութային կապերի տարեգրությունում:
Հիրավի պատմական այս իրադարձության հենքը 100-ամյա վաղեմության Մեծն Թումանյանի տան թբիլիսահայ համայնքին վերադարձն էր, որտեղ ժամանակին սիրով հյուրընկալվել են Աղայանն ու Կոմիտասը, Շիրվանզադեն, Իսահակյանը, Փափազյանը, Մառը, Իաշվիլին, Տաբիձեն, Գրիշաշվիլին, Բրյուսովը և ուրիշներ, որտեղ կազմակերպվել են գրական զրույցներ, ընթերցումներ, ասուլիսներ, տպագրված և անտիպ երկերի քննարկումներ, ուսումնասիրվել են հայ, վրաց և համաշխարհային գրականության նմուշներ:
Վրաստանի անկախացումից հետո հայ համայնքից օտարված Ամենայն հայոց բանաստեղծի տան ճակատագիրն օրհասական էր. մասնավոր սեփականատիրոջ պատկանող չգործող գրադարանային հատված և ժառանգներին մնացած կիսափուլ բնակարան:
Թումանյանի տունն իր օրինական սեփականատիրոջը հանձնվեց Հայաստանի գրողների միության նախկին նախագահ երջանկահիշատակ Լևոն Անանյանի անդուլ ջանքերով, ում աջակից դարձան Գյումրիի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը և IdeA հիմնադրամի համանախագահ Ռուբեն Վարդանյանը: Ամբողջական տեսքով Վիրահայոց թեմին նվիրաբերված տան վերանորոգությունը, բարեկարգումը և կահավորումն իրականացվեց Ջինիշյան հիշատակի և IdeA հիմնադրամների ու թեմի միջոցներով:
Անճանաչելի տեսք ստացած Հովհաննես Թումանյանի տան բացման հանդիսությանը մասնակցեցին Մայր Աթոռի պատվիրակությունը, Վրաստանի, Հայաստանի Հանրապետության պետական,քաղաքական գործիչներ, դիվանագետներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից և Հայաստանի տարբեր քաղաքներից ու շրջաններից, համայնքային կառույցների ղեկավարներ, թբիլիսահայ մտավորականներ:
Կենտրոնի բացման արարողությունը սկսվեց հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Հովհաննես Թումանյանի շիրիմին ծաղկեպսակի զետեղմամբ և Վիրահայոց թեմի և Տավուշի թեմի առաջնորդների նախագահությամբ կատարված հոգեհանգստյան կարգով:
«Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի ժապավենը կտրեցին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Ղուկասյանը, IdeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ԱՄՆ-ի մայր գրասենյակի գործադիր տնօրեն Էլզա Մանասյանը:Հոգևոր դասի մասնակցությամբ նորաբաց կենտրոնում կատարվեց տնօրհնեքի արարողություն:
«Հովհաննես-Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոնի գործունեության և ապագայի ուղենիշների մասին բանախոսությամբ հանդես եկավ կենտրոնի տնօրեն Գիսանե Հովսեփյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության և բարեմաղթանքի ուղերձը ընթերցեց Մայր Աթոռի պատվիրակության ղեկավար, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, ներկայացվեցին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի շնորհավորագրերը:
Տունը համայնքին վերադարձնելու և վերանորոգչական ու բարեկարգման աշխատանքների վավերագրությունը ցուցադրվեց տեսաֆիլմի միջոցով:
Այնուհետև ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը, Հայաստանի գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը, Լևոն Անանյանի որդին՝ «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը, Վրաստանի գրողների միության նախագահ Մաղվալա Գոնաշվիլին, Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ Ժորա Սնխչյանը, բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը:
Ապա Ամենայն հայոց բանաստեղծի տունը ազգային նպատակների ծառայեցնելու կապակցությամբ շնորհավորանքի խոսք ասացին բարերարները, նվիրատուները:
Մենակատարուհի Աննա Բադալյանի երգը, Լիզա Թորոսյանի և Լևոն Չիդիլյանի ասմունքը Ժաննա Դավթյանի խամաճիկի համադրությամբ փոխանցեցին այն չմարող սերը, որը տածում է ժողովուրդն իր մեծ բանաստեղծի նկատմամբ:
Միջոցառումն ամփոփեց Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը երախտագիտության խոսքեր ուղղեց բոլոր բարերարներին, աջակիցներին՝ ազգանվեր գործ կատարելու և Թումանյանի պատմական տունը թբիլիսահայ համայնքին վերադարձնելու համար և նվիրեց թբիլիսահայ ճանաչված նկարիչներ Մերուժան Շահումյանի և Թենգիզ Միկոյանցի գործ նկարներից:
Ուշագրավ է, որ դատարկաձեռն չէին ներկայացել նաև հյուրերը: Կենտրոնի բացումը նվերներով շնորհավորեցին «Ջահ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սոս Սահակյանը, մոսկվայաբնակ Լամարա Աթոյանը, թբիլիսաբնակ Մերուժան Շահումյանը, Թենգիզ Միկոյանցը, Վալիկո Առաքելյանը և ուրիշներ:
Մեծն Թումանյանի տանը հարիր նորաբաց կենտրոնում այսուհետ ծավալվելու է գրական, գիտական, կրթամշակութային գործունեություն, սրահներից մեկը կրելու Լևոն Անանյանի անունը, որտեղ տեղի են ունենալու հայ և վրաց գրողների հանդիպումներ, գրքերի քննարկումներ, կենտրոնում ստեղծվելու է ազգագրության ուսումնասիրության և զարգացման, արվեստի գործիչների մշակութային կապերի օջախ, տիկնիկային թատրոն, ՀԲԸՄ վիրտուալ համալսարանի մասնաճյուղ, վիրահայության հոգևոր, մշակութային ժառանգության թանգարան, գրադարան: