Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան էր ժամանել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը: Տիգրան Սարգսյանին ընդունել է Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին:
Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ կատարել ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի և Իրանի նկատմամբ պատամիջոցների նոր փաթեթի ընդունմանը:
ԼՈւՐԵՐ. com-ի հետ զրույցում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, խոսելով այս այցելության և, մասնավորապես, Իրան-ԵՏՄ տնտեսական համագործակցության մասին, նշեց, որ դեռևս 5 տարի առաջ էր խոսվում Իրան-ԵՏՄ տնտեսական հարաբերությունների զարգացման և ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման մասին, և շատ բնական է, որ ԵՏՄ-ն օգտագործում է բոլոր հնարավորություններն՝ իր սահմաններն ընդլայնելու համար և, այս առումով, Իրանը հարմար տարբերակ է. «Սակայն, պետք է այստեղ հաշվի առնել մի կարևոր գործոն՝ խոսքը Իրանի մասին է, ԵՏՄ-ն գործ ունի շատ անկանխատեսելի երկրի հետ և շատ բարդ է հասկանալ, որքանո՞վ նա կհամաձայնի նման համագործակցությանը, մյուս կողմից՝ մենք գործ ունենք ԵՏՄ-ի հետ, որի անդամ պետություններն առանձին վերցրած՝ ունեն շատ տնտեսական խնդիրներ: Ակնհայտ է, որ ԵՏՄ-ն հույսը չի կորցնում, և դրա ապացույցը ԵՏՄ-ի գործադիր տնօրենի այցն էր Թեհրան, սակայն ասել, թե ինչ կլինի, բարդ է»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ Իրանը բազմակողմանի խաղացող երկիր է և բոլոր պետությունների հետ փորձում է հարաբերություններ կարգավորել, քանի որ հասկանում է, որ իր զարգացումը միայն մեկ երկրով պայմանավորելը վտանգավոր է:
Արդյոք Իրան-ԵՏՄ տնտեսական փոխգործակցության այս անկանխատեսելիությունը առկա է նաև Հայաստանի պարագայում, և արդյոք մեր բազմավեկտոր հարևանը կարող է մեզ հետ հարաբերություններիում ևս կտրուկ քայլերի դիմել, տնտեսագետը պատասխանեց. «Հայաստան-Իրան տնտեսական հարաբերություններում այլ խնդիրներ կան և դրանք շարունակում են անհասկանալի մնալ: Փաստ է մեկ բան՝ այս պետությունների զարգացման պոտենցիալը չի օգտագործվում. հիշենք գազի պատմությունը: Մինչև հիմա կողմերից որևէ մեկը բացատրություն չի տվել, թե խնդիրն ինչումն է: Ընդհանուր առմամբ, սակայն, կարծում եմ, որ Հայաստանի հետ կապված՝ Պարսկաստանն այլ տարբերակներ չի փնտրի, քանի որ տարիներ շարունակ՝ մեր հարաբերությունները շատ հստակ են եղել»:
Դիտրակմանն՝ ի՞նչ հետևանք կունենա ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը ԵՏՄ անդամ Հայաստանի վրա, տնտեսագետը պատասխանեց. «Այն, որ այդ պատժամիջոցների բացասական հետևանքը կզգա նաև Հայաստանը, փաստ է, քանի որ Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը կբերի նաև ներդումների սահմանափակման, բայց մյուս կողմից, չի բացառվում, որ Ռուսաստանը փորձի ներմուծող երկրից դառնալ արտահանող երկիր, ինչը կբերի նոր աշխատատղերի ստեղծման: Սակայն, սա արդեն տեղի կունենա երկարաժամկետ՝ 3-5 տարվա կտրվածքով»:
Նշենք, որ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ դատապարտելի և անհիմն է համարել ԱՄՆ–ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը:
Աղավնի Սուքիասյան