Վարչապետը վերջին շրջանում խիստ հանձնարարականներ է տալիս՝ ուղղված ամբողջ երկրում աղբահանության կազմակերպմանը՝ արձանագրելով, որ իրավիճակը ողբերգական է: Վարչապետը, իհարկե, իրավացի է, Հայաստանում աղբահանությունը որևէ կերպ չի կարող բավարար համարվել, ճանապարհները պարզապես կեղտոտ են, ինչպես կեղտոտ են ժամանցի, հանգստի և զբոսաշրջային գոտիները: Սակայն այս խնդիրը նոր չէ:
2005 թվականին մի շարք նախարարություններ համաձայնել էին հայ-ճապոնական ծրագրով սահմանված գործողությունների հետ: Ծրագիրն իրականացվում էր ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի շրջանակներում: Ճապոնացիները Նուբարաշենի աղբավայրում պետք է երկու հիմնական գործողություն կատարեին՝ աղբն այրելով ստանային կենսագազ, դրանից էլ՝ էլեկտրաէներգիա: Սակայն էլեկտրաէներգիա ստանալուն դեմ էր դուրս եկել էկոնոմիկայի նախարարությունը՝ հայտարարելով, թե էլեկտրաէներգիայի արտադրման ոլորտում ճապոնացիները մենաշնորհ ձեռք կբերեն, ինչը ձեռնտու չի կարող լինել այլ ընկերությունների: Ըստ նախնական հաշվարկների՝ հայկական կողմի տարեկան հասույթը կկազմեր ավելի քան կես միլիոն դոլար: Իսկ ծրագրի իրականացման 16 տարիների ընթացքում այն կկազմեր ավելի քան 8 միլիոն դոլար: Սակայն հայկական կողմը հետ կանգնեց այդ նախագծի իրականացումից: Այսօր արդեն վիճակը օրհասական է և կառավարությանը ոչինչ չի մնում անել, քան վերադառնալ ի շրջանս յուր: Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Global Reservers Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին և քննարկել Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը: Փաստորեն, կառավարությունը հասկացել է, որ իր ուժերով այս խնդրին լուծում չի գտնի, չի գտնի նաև համապատասխան ֆինանսներ: Ըստ Եվրոպական բանկի՝ որպեսզի մեր հանրապետությունում աղբահանության խնդիրը 95 տոկոսից ավելի լուծում ստանա, մեզ անհրաժեշտ է մոտ 90 մլն եվրոյի չափ գումար։ Մեզ մոտ աղբահանությունը նշանակում է, որ մենք աղբը մի տեղում կուտակում ենք և հետո տանում մեկ այլ՝ ավելի մեծ տեղ, ու վերջ. մենք խնդիրը չենք լուծում, ուղղակի աղբը տեղափոխում ենք այստեղից այնտեղ ու ծախսում ենք շատ մեծ գումարներ: Դժվար թե դա Մաքուր Հայաստան կառուցելու լավագույն ճանապարհն է…
Ստելլա Խաչատրյան