Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Գևորգ Խնուսյանի և մյուսների գործով Խնուսյանի շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը:

Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2012 թվականի օգոստոսի 23-ի դատավճռով Գևորգ Խնուսյանը, Հարություն Պետրոսյանը, Վահե Պարանյանը, Նարեկ Սահակյանը, Տիգրան Կոստանդյանը և Սերգո Մելիքբեկյանը՝ 6 զինծառայողներ, մեղավոր են ճանաչվել զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման, այն է՝ իրենց ծառայակցի նկատմամբ հակաօրինական գործողություններ կատարելու՝ նրան ծաղրուծանակի ենթարկելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու, բռնություն գործադրելու համար:

Տուժող Ս. Պ.-ն ծնունդով Ապարանի տարածաշրջանից է: Ըստ քրեական գործի նյութերի՝ նրա ներկայությամբ ծառայակիցները հաճախ են ապարանցիների մասին անեկդոտներ պատմել: «Այդ հանգամանքը վատ չի ընդունվել Ս. Պապիկյանի կողմից»: Վերջինս միացել է ընկերներին, ծիծաղել նրանց հետ:

Տուժողը, հնարավոր է, հումորի զգացում ուներ, բայց եկել է մի պահ, որ կորցրել է չափի զգացումը, ինչի հետևանքով համածառայողների կողմից ենթարկվել է բռնությունների:

Այն, ինչ ամրագրվել է ընդհանուր իրավասության դատարանի դատավճռում՝ որպես տվյալ հանցավոր արարքին նպաստած հանգամանք, պետք է արժանանա պատկան մարմինների ուշադրությանը ու հնարավորինս պետք է բացառվի:

Ըստ դատավճռի՝ «2011 թվականի հոկտեմբերի14-ին, ժամը 11-ն անց 30-ի սահմաններում, օգտվելով որևէ զբաղմունք չունենալու և անգործության մատնված լինելու, ինչպես նաև հրամանատարական կազմի կողմից փաստացի վերահսկողությունից դուրս գտնվելու հանգամանքից, ամբաստանյալներն ու այլ զինծառայողներ հավաքվել են դիվիզիոնի զորանոցում և զրուցել:

Ներս է մտել տուժողը, հարցրել՝ ի՞նչ կա-չկա: Պատասխանել են՝ ոչ մի բան էլ չկա: Այդ ժամանակ տուժողը առանց որևէ պատճառի հայհոյել է ներկաներին»: Միմյանց հետ հայհոյանքով խոսելու արատավոր սովորությունը զինծառայողների շրջանում հաճախ է դառնում ամենատարբեր հանցագործությունների պատճառ:

Հիմա էլ, Պ.-ի հայհոյանքին ի պատասխան, մյուսները ոչ միայն հայհոյել են, այլև սկսել են քաշքշել, ծեծել նրան ու ստորացնել: Հարվածել են ձեռքերով, ոտքերով, հարվածել են նաև այն ժամանակ, երբ տուժողն ընկած էր հատակին: Գոռգոռոցի, հայհոյանքի ու ծիծաղի ձայներից զորանոց են մտել նաև այլ զինծառայողներ:

Ամբաստանյալներից ոմանք թռել ու նստել են տուժողի մեջքին, նրա դիմադրությունը կանխելու նպատակով բռնել ու ոլորել են վիզը, կռացրել նրան:

Տիգրան Կոստանդյանը ընկերոջ «Սամսունգ» հեռախոսով սկսել է տեսանկարահանել կատարվող ծաղրուծանակը: Ըստ իր նախաքննական ցուցմունքի՝ տեսանկարել է, «որ հետո միասին դիտեն ու ծիծաղեն, քանի որ նախկինում էլի են կատակ արել...»:

Նկարահանողն ինքն էլ է ցանկացել «կադրում երևալ»: Նա հեռախոսը փոխանցել է մեկ այլ զինծառայողի՝ նկարահանումը շարունակելու համար, մոտեցել է տուժողին, թռել ու նստել նրա մեջքին, բռնել նրա վիզն ու ոլորել, որ չդիմադրի, ապա կռացրել է՝ թույլ չտալով, որ տուժողը դիմադրի կամ հարվածի մյուսներին:

Դատաբժշկական եզրակացության համաձայն՝ տուժողին պատճառվել են կրծքավանդակի հետին մակերեսի արյունազեղման ձևով վնասվածքներ, որոնք առողջությանը հասցված թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Վեց զինծառայողների կատարածը, բարեբախտաբար, ծանր հետևանք չի ունեցել, տուժողը կարողացել է հաղթահարել տեղի ունեցածը, չկենտրոնանալ, հոգեկան տվայտանքների մեջ չընկնել, չբարդույթավորվել: Մեկ այլ անձ նման իրավիճակում կարող էր ողբերգության հանգեցնող քայերի դիմել:

Հեռախոսային նկարահանումը հայտնվել է ռազմական ոստիկանության տեսադաշտում:

Գևորգ Խնուսյանը, Տիգրան Կոստանդյանը, Սերգո Մելիքբեկյանը, Հարություն Պետրոսյանը, Վահե Պարանյանը, Նարեկ Սահակյանը զորամասի հրամանատարի՝ 2011 թվականի հոկտեմբերի 15-ի հրամանի համաձայն ենթարկվել են կարգապահական մեկուսացման 10-օրյա ժամկետով:

Նույն օրն իսկ նրանք տեղափոխվել են կարգապահական մեկուսարան:

Հոկտեմբերի 21-ին որոշումներ են կայացվել հիշյալ զինծառայողներին որպես մեղադրյալներ ներգրավելու մասին: Որպես նրանց խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Կարգապահական մեկուսարանում 7 օր մնալուց հետո նրանց տեղափոխել են կալանավորների համար նախատեսված մեկուսարան:

Ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները հրաժարվել են ցուցմունք տալ և հարցերին պատասխանել:

Տուժողը խնդրել է համածառայակից ընկերների նկատմամբ մեղմ լինել, հայտնել է, որ ինքը բողոք չունի:

Դատարանը մեղավոր է ճանաչել վեց ամբաստանյալներին և դատապարտել 1-ական տարի ազատազրկման: Պատժի սկիզբը՝ 2011 թվականի հոկտեմբերի 15-ից:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալներ Պարանյանի, Խնուսյանի և Սահակյանի շահերի պաշտպանները:

Պետրոսյանը, Կոստանդյանը և Մելիքբեկյանը դատավճիռը չեն բողոքարկել, նրանց մասով դատավճիռը մտել է ուժի մեջ:

Վերաքննիչ քրեական դատարանը այս գործով բերված վերաքննիչ բողոքները քննության է նշանակել 2012 թվականի հոկտեմբերի 23-ին: Չմոռանանք, որ հոկտեմբերի 15-ին արդեն իսկ լրանում էր ամբաստանյալ-դատապարտյալների մեկամյա պատժաժամկետը:

Ըստ երևույթին՝ հենց այդ պատճառով անիմաստ համարելով հետագա բողոքարկումը, կամ չհասկանալով իրավիճակը՝ ամբաստանյալներից երկուսը ցանկացել էին, որ իրենց շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքները մնան առանց քննության: Միևնույնն է, մի քանի օրից ազատ էին արձակվելու, եթե, իհարկե, դատավճիռը ուժի մեջ մտներ նաև իրենց մասով:

Հոկտեմբերի 5-ին վերաքննիչ դատարանը դիմում է ստացել ամբաստանյալ Վահե Պարանյանից, որով նա հայտնում էր, թե պաշտպան Վարոսյանի կողմից ներկայացված բողոքը չի բխում իր շահերից, խնդրել է այդ բողոքը թողնել առանց քննության:

Հոկտեմբերի 23-ին դատարանը նույնաբովանդակ դիմում է ստացել Գևորգ Խնուսյանից, որով ամբաստանյալը խնդրել է իր շահերի պաշտպանների բերած վերաքննիչ բողոքը թողնել առանց քննության:
Վերաքննիչ դատարանը, այսպիսով, քննել է միայն Նարեկ Սահակյանի շահերի պաշտպան Ժ. Վարոսյանի վերաքննիչ բողոքը և եկել հետևության, որ այն պետք է բավարարել: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 7-րդ արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին ու քրեական դատավարությանը համապատասխան:

ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածով՝ ոչ ոք չի կարող կրկին անգամ դատվել նույն արարքի համար:

Կրկին անգամ դատվելու անթույլատրելիությունը կամ non bis in idem սկզբունքը կարևոր դատավարական երաշխիք է:

Վերաքննիչ դատարանը եկել է հետևության, որ Նարեկ Սահակյանի նկատմամբ նշանակված ու կիրառված 7 օր կարգապահական կալանքն իր բնույթով ու տևողությամբ հանդիսացել է քրեական պատիժ: Հետևաբար, ըստ վերաքննիչ դատարանի, յոթ օր կարգապահական կալանք կրելուց հետո նույն արարքի համար Նարեկ Սահակյանի դատապարտումը խախտել է կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքը:

Վերաքննիչ քրեական դատարանը Հենրիկ Տեր-Ադամյանի նախագահությամբ, դատավորներ Կարինե Ղազարյանի և Գրիշա Մելիք-Սարգսյանի մասնակցությամբ 2012 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը Նարեկ Սահակյանի վերաբերյալ բեկանել է, գործի վարույթը կարճել ու Սահակյանի նկատմամբ դադարեցրել քրեական հետապնդումը:

Նարեկ Սահակյանի նկատմամբ սահմանված մեկամյա պատժի սկիզբը 2011 թվականի հոկտեմբերի 15-ից էր, ու պատժի կրման ժամկետը լրացել էր... 2012 թվականի հոկտեմբերի 15-ին:

Վերաքննիչ քրեական դատարանում է Գևորգ Խնուսյանի շահերի պաշտպանների վերաքննիչ բողոքը՝ նույն պահանջով ու, ըստ երևույթին, բավարարվելու նույն հեռանկարով:

Փաստն այն է, որ վեց զինծառայողներ մեկ տարի ազատազրկված են եղել՝ կրկին դատվելու անթույլատրելիության սկզբունքի խախտմամբ: Հավանաբար, գործը կհասնի նաև կրած վնասի վերականգնմանը: Անեկդոտով սկսված գործը, երևի, «անեկդոտով» էլ կավարտվի: