Գործադիրի այսօրվա նիստում  հավանություն տրվեց Լոռու մարզում 76 ՄՎտ դրվածքային հզորությամբ «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին շրջանակային համաձայնագրին:  

Ըստ այս համաձայնագրի՝ «Դեբեդ Հիդրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի միջև կկնաքվի պայմանագիր «Շնող» հիդրոէլեկտրակայանի նախագծման, կառուցապատման, ֆինանսավորման, կառուցման, սեփականության իրավունքով տնօրինման, տիրապետման, շահագործման մասին:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում բնապահպան Կարինե Դանիելյանը մտահոգություն հայտնեց, որ այս նոր ՀԷԿ-ի կառուցմամբ հերթական անդառնալի վտանգը կհասցվի բնոությանն ու Էկոլոգիային. «Մեզ մոտ ՀԷԿ-եր կառուցելու և ջրթողը կարգավորելու նորմատիվները նախկինում շատ սխալ էին, ջուր շատ քիչ էին բաց թողնում: Հիմա այդ նորմատիվները կարգավորվել են, փոփոխության են ենթարկվել, սակայն ակնհայտ է մի բան, որ մեր երկրում նորմատիվով սահմանվում է մեկ բան, բայց արվում է մեկ այլ բան, ուստի չի բացառվում, որ այս նոր կառուցվող ՀԷԿ-ի պարագայում նույնպես նորմատիվները մնան թղթի վրա»:

Բնապահպանի խոսքով՝ Հայաստանում կա ՀԷԿ-եր կառուցելու և շահագործելու արատավոր այնպիսի պրակտիկա, որը բերում է գետերի ցամաքեցման և էկոհահամակարգի վերացման. «Մեր փոքր ՀԷԿ-երը ծածկել են գետերը՝ դրանք դարձնելով կանալներ, էկոհամակարգը վերացնում են, թեև ամբողջ աշխարհում ընդունված է, որ փոքր ՀԷԿ-երի շահագործումը բնությանը հասցնում է նվազագույն վնաս, բայց մեզ մոտ կատարվեց ճիշտ հակառակը: Մեզ մոտ արվեց այնպես, որ ՀԷԿ-երը ամենաշատ վնասը հասցնեն բնությանն ու էկոլոգիային»:

Նշենք, որ ըստ Կառավարության որոշման՝ նախատեսվում է, որ ՀՀ կառավարությունը կաջակցի Կառուցապատողին ձեռք բերել հողատարածք՝ ՀԷԿ-ի կառուցման համար: ՀԷԿ-ի կոմերցիոն շահագործման ամսաթվից 20 տարուց ոչ պակաս ժամանակահատվածում ՀՀ կառավարությունը երաշխավորում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (Գնորդ) կողմից տարեկան 500 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիայի գնում: