Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, նպաստում է դրան։ Հայաստանի տնտեսության խոցելի ճյուղերից է հանդիսանում հենց փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտը: Չնայած, որ տևական ժամանակ է՝ փոքր ու միջին բիզնեսը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում, առկա թերությունները խոչընդոտում են ոլորտի առավել դինամիկ զարգացմանը:

Որպես զարգացմանը խանգարող հիմնական գործոն՝ շատ է խոսվում սկսնակ բիզնեսի վարկավորման պայմանների ոչ այնքան մատչելիության մասին (չնայած գոյություն ունեցող արտոնյալ վարկերին, տնտեսվարող սուբյեկտները դժգոհ են դրանց դրույքաչափերից): Երկրորդ խումբ խնդիրներն, իհարկե, հարկային միջավայրին են առնչվում. բարձր հարկեր և անհավասար պայմաններ մեծ ու փոքր բիզնեսների համար:

Հայաստանում ՓՄՁ ոլորտը տարիներ շարունակ եղել է խնդիրներով լեցուն, խոցելի է հատկապես փոքր բիզնեսը: Ըստ վիճակագրության ամսական մոտ 80 փոքր ձեռնարկություն է փակվում: Սա այն խմորն է, որը դեռ շատ ջուր է տանելու, քանի որ հիմքում ոչ միայն զուտ ՓՄՁ-ների, նրանցով պայմանավորված` նաև հասարակության միջին խավի գոյության հարցն է դրված, այլև նրա, թե, ի վերջո, Հայաստանում կարո՞ղ է ստեղծվել առողջ և հավասար մրցակցային տնտեսական համակարգ` կառուցված արդարության և արդարադատության վրա, թե՞ դեպի ֆեոդալական հասարակարգ ներկայիս անշեղ ընթացքը կասեցնելն այլևս անհնար է:

Սա այն դեպքն է, երբ տնտեսագիտական դասական կաննոները բախվում են հայաստանյան աբսուրդային իրականությանը` ցույց տալով վերջինիս նկատմամբ իրենց կատարյալ անկենսունակությունն ու անպետքությունը: Հայաստանում ընդունված` չգրված տնտեսական «օրենքներով» խոշոր ձեռնարկությունները որևէ փաստաթուղթ, հաշիվ-ապրանքագիր չեն տրամադրում իենց ապրանքը մանրածախ շուկայում իրացնող տնտեսվարող սուբյեկտներին: Ըստ էության` խոշորների և ՓՄ ձեռնարկատիրությամբ զբաղվողների միջև հաստատվել են փոխադարձաբար շահավետ այնպիսի հարաբերություններ, որոնք միաժամանակ թե՛ մեկին և թե՛ մյուսին ազատում են իրական ապրանքաշրջանառությունը ներկայացնելու պարտավորությունից: Այսինքն, հավասարապես թե՛ խոշոր և թե՛ միջին ու փոքր ձեռնարկատիրությունը շահագրգռված էին ստվերի պահպանման հարցում. այստեղ գործում էր լուռ համաձայնության սկզբունքը: ՓՄՁ-ները հայտնվում են երկընտրանքի առջև. կամ ցույց տալ 58.3մլն-ից ավելի շրջանառություն և մտնել հարկման այնպիսի բազա, ինչպիսին գործում է խոշոր տնտեսվարողների համար, ինչը ձեռնտու չէ տնտեսապես, կամ խոշորներից պահանջել ստացված ապրանքների համար հաշիվ-ապրանքագրերը, որպեսզի օգտվեն շրջանառության հարկի ռեժիմի ընձեռած անհամեմատ ավելի շահեկան հնարավորություններից:

Պետությունն այսպիսով ՓՄՁ-ներին առաջարկում է կոնֆլիկտի մեջ մտնել խոշոր տնտեսվարողների, իրենց մատակարարների հետ, քանի որ ապրանքի ծագման և ձեռքբերման մասին համապատասխան փաստաթղթերը չներկայացնելու դեպքում նրանք պարտավոր են հարկային ծառայությանը տեղեկատվություն տրամադրել, թե որ ընկերություններից են դրանք ձեռք բերել և որոնք են, որ խուսափում են տրամադրել հաշիվ-ապրանքագրերը:

ՓՄՁ-ներն իրականում հայտնվել են փակուղային վիճակում, որտեղ բոլոր կողմերից գտնվում են հարվածի տակ: Նրանք ստիպված են կամ դադարեցնել գործունեությունը և վերածվել շարքային սպառողների ու պոտենցիալ արտագաղթողների, կամ ամեն ինչ թողնել մի կողմ ու վերջին հույսով պահանջելով վերադառնալ խաղի հին՝ ավելի «արդար» կանոնների: Իսկ արդար կանոնները ոչ թե բոլորի՝ օրինական դաշտում գործունեություն ծավալելն է, այլ իր չափով ստվերից օգտվելու իրավունքը կրկին իրեն վերադարձնելը: Իսկ սա արդեն զուտ տնտեսական համակարգի խնդիր չէ, այլ՝ համատարած խեղված մտածողության՝ բոլոր ոլորտներում անխտիր:

Ստելլա ԽԱՉԱՏՐՅԱՆ