«Հայաստանում չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար ես թենիսի ֆեդերացիայից ստանում էի 1000 դրամ դրամական պարգեւ։ Այժմ, լսել եմ, դարձրել են 10 հազար։ Սա մեծ առաջընթաց է»։
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում պատմեց թենիսիստ, 1999-2009 թվականների Հայաստանի չեմպիոն, թենիսի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, մինչեւ 16 տարեկանների Եվրոպայի մարզական փառատոնի չեմպիոն Հարություն Սոֆյանը։ Հարություն Սոֆյանը արդեն երկար տարիներ ապրում եւ մարզիչ է աշխատում ԱՄՆ-ում։
Հարություն, ինչո՞ւ հեռացար Հայաստանից։ Հավաքականի անդամ ես եղել, Հայաստանի բազմակի չեմպիոն, այստեղ աշխատանք չգտա՞ր։
Հայաստանից հեռացել եմ պայմանների բացակայության պատճառով։ Այն ժամանակ պայման չկար թենիսով զբաղվելու համար։ Բացի պայմանից, ցանկությունդ էլ էր կորում շարունակել այս մարզաձեւով զբաղվել։ Թենիսով զբաղվողի համար ոգեւորիչ որեւէ երեւույթ կամ խրախուսանք չկար։ Ես դառնում էի Հայաստանի չեմպիոն եւ ինձ դրա համար տալիս էին ընդամենը 1000 դրամ։ Էլ ինչպե՞ս շարունակեի խաղալ թենիս։ Մի քանի տարի 1000 դրամ ստացա չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար։ Հետո բարձրացրեցին՝ 3000 դրամ։ Լսել եմ, այժմ «լավ» բարձրացրել են չեմպիոնների խրախուսանքները, հասցրել են 10 հազար դրամի (ծիծաղում է): Սա մեծ առաջընթաց է։ Հետո փնտրում են, թե որտե՞ղ է թաքնված սպորտի չզարգացման պատճառը։
Բացի այդ, այստեղ էին բնակվում ծնողներս, իսկ ես օրերից մի օր պետք է միանայի նրանց։ Իսկ ընտանիքս բնական է, որ սոցիալական պայմանների պատճառով էր ապրում ԱՄՆ-ում։
Ի՞նչ համեմատության եզրեր կարող ես նշել Հայաստանի եւ ԱՄՆ-ի թենիսի միջեւ։
Այստեղ շատ զարգացած է թենիսը, ամեն պայման կա պրոֆեսիոնալ թենիսով զբաղվելու, ինքդ քեզ զարգացնելու, մրցաշարերի մասնակցելու համար։ Թենիսում ամենակարեւորը ցանկությունն է ու պայմանները։ Այստեղ պայմանները, հնարավորությունները շատ մեծ են, ինչն էլ ցանկություն է առաջացնում պրոֆեսիոնալ զբաղվել այս մարզաձեւով։ Նույնը չեմ ասի Հայաստանի մասին։ Հայաստանում պայմանների բացակայությունը շատ է խանգարում թենիսի զարգացմանը։ Այստեղ շատ են խաղում թենիս, շատ սիրված է այս մարզաձեւը։
Այստեղ չեմպիոնի տիտղոսը նվաճելիս քեզ այնպիսի խրախուսանք են տալիս, այնպիսի հնարավորություններ, դռներ են քո առջեւ բացում, եթե դառնաս նույնիսկ, օրինակ, Կալիֆորնիա նահանգի չեմպիոն, անկախ քեզանից ու քո կամքից քո կարիերան կառուցվում է։ Դու չես էլ հասցնում որեւէ բան ինքդ անել, քո փոխարեն անում են։ Էլ չեմ խոսում դրամական պարգեւների մասին, խոսքը մեծ գումարների մասին է։ Մեխանիկորեն քեզ հովանավորում են, դու ես ընտրում ում հետ աշխատես, ում հետ՝ ոչ։ Ոչ թե Հայաստանի պես, դու ընկնես՝ քեզ հովանավոր փնտրես։