Պերսեիդների ասուպային հոսքն առավել վառ տեսանելի կլինի օգոստոսի 13-ի գիշերային երկնակամարում: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, մոլորակի բնակիչները կարող են ականատես դառնալ տիեզերական հետաքրքիր տեսարանի՝ ոչ ամպամած եղանակի պայմաններում աշխարհի տարբեր կողմերում կարելի է տեսնել ժամում մինչեւ 150 ընկնող ասուպ: «Եղանակային լավ պայմանների դեպքում երկնքում հնարավոր կլինի տեսնել րոպեում 2-3 ընկնող ասուպ»,- նշել են Միջազգային երկնաքարային կազմակերպությունից:
Պերսեիդների ասուպային հոսքի կենտրոնը գտնվում է Պերսեոս համաստեղության ուղղությամբ և աստղագիտության մեջ կոչվում է ասուպային հոսքի ռադիանտ: Առավելագույն փուլի ժամանակ ասուպների թիվը հասնում է ժամում 60-100-ի: Պերսեիդները սպիտակ արագընթաց ասուպներ են, որոնք նկատելի հետքեր են թողնում:
Ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը, Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով, հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս, թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում, որոնք կարող են մինչև մի քանի վայրկյան երևալ երկնակամարի վրա: Այս դեպքում հոսքը պայմանավորող երկնաքարերի խումբն առաջացրել է Սվիֆթ-Թատլի գիսավորը: Սովորաբար երկնաքարերը շատ փոքր են (ավազահատիկների և մանր քարերի չափերի), և մի քանի հարյուր կմ/վրկ արագություններով մտնելով մթնոլորտ՝ նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել:
Ընդհանրապես, ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է, ինչպես նաև հոսքի բոլոր ասուպները, որպես կանոն, «ելնում» են երկնքի որոշակի տիրույթից` ռադիանտից: Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ «աստղաթափեր», երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Լեոնիդները և Գեմինիդները: