Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը քաղաքապետարանին առաջարկել է որոշում կայացնել, ըստ որի, պետք է արգելել «Վերնիսաժ»-ում հնչող բարձր երաժշտությունը:
 
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը նշեց, որ երաժշտական կոնկրետ ժանրի դեմ պայքար չկա. «Նամակը գրվել է այն ենթատեքստով, որ «Վերնիսաժ»-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող օբյեկտ է, որը որոշակի մշակութային արժեքների մասին պատկերացում է տալիս զբոսաշրջիկներին և մեր քաղաքացիներին, ու անհրաժեշտ է, որ այնտեղ ձայնասկավառակներ, երաժշտական կրիչներ վաճառող օբյեկտները այդ միջավայրին համապատասխան երաժշտություն միացնեն»:
 
Հարությունյանի խոսքով՝ սահմանափակումը վերաբերում է միայն «Վերնիսաժ»-ում միացվող բարձր երաժշտությանը, բայց «Վերնիսաժ»-ի տվյալ կրպակներում վաճառվող երաժշտության որակի մասին խոսք չկա. «Երբ խոսքը գնացել է սահմանափակումների մասին, ապա սահմանափակումը եղել է բացառապես այդ օբյեկտների կողմից բարձր հնչող երաժշտության մասով: Այդ նույն օբյեկտներում շարունակելու են վաճառել թե՛ ռաբիս, թե՛ կլկլոց, թե՛ մուղամ, այսինքն դրա հետ կապված որևէ  սահմանափակում չկա»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լուրերը, թե սահմանափակումները վերաբերում են վաճառվող երաժշտական տարբեր ժանրերի կրիչներին և սկավառակներին, ապատեղեկատվություն է:
 
Նրա խոսքով՝ այս պահանջը Երևան քաղաքի այդ միջավայրը մեր մշակույթին, մեր արվեստին համապատասխանեցնելու ցանկություն է Երևանի ավագանու անդամի և Երևանի ավագանու կրթության, մշակույթի և սոցիալական հարցերով հանձնաժողովի նախագահի կողմից:
 
«Քաղաքապետարանն իմ նամակին պատասխանել է, որ կտրամադրի երաժշտացանկ, որը միջավայրին ավելի համապատասխան կլինի: Իսկ տրամադրել են, թե ոչ՝ չգիտեմ»,- նշեց նա:
 
Վերջոմ Արայիկ Հարությունյանն նորից շեշտեց, որ այս պահին իր պահանջը դեռևս վերաբերում է միայն «Վերնիսաժ»-ում հնչող բարձր երաժշտությանը:
 
Սոնա Հարությունյան