Ամերիկահայ միլիարդատեր, բարերար Քըրք Քրքորյանի՝ Հայաստան կատարելիք այցի մասին տեղեկություններն արդեն արձագանքներ են գտել ինչպես քաղաքացիների, այնպես էլ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների շրջանում:
Տեղեկությունը, թե ամերիկահայ միլիարդատերը նախագահական ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների, երկրորդ տեղը զբաղեցրած, «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի հոր՝ Ռիչարդ Հովհաննիսյանի հետ այս օրերին ժամանելու է Հայաստան և միանալու Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարին, սատարելու նրան, զարմացրել է շատերին, շատերին էլ՝ հույս ներշնչել, որովհետև իրականում դա կարող էր էական գործոն լինել հայաստանյան ներքաղաքական կյանքի, մասնավորապես՝ ձևավորված շարժման համար:
Անհերքելի է, որ ամերիկահայ միլիարդատիրոջ հստակ վերաբերմունքը ձևավորված պայքարի վերաբերյալ առավել մեծ լրջություն և կշիռ կհաղորդեր շարժմանը:
«Առաջին լրատվականը» պարզեց՝ իրականում նախատեսվո՞ւմ է նման այց, թե՞ ոչ: Ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանի անբաժանելի գործընկեր, «Լինսի» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի նախկին պատասխանատու, «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանին օրեր առաջ դիմել էինք իմանալու համար՝ տեղեկություններ ունի՞ այս մասին, թե՞ ոչ: Նա նշել էր, որ չի տիրապետում նման տեղեկության, ապա հավելել, որ Քըրք Քըրքորյանը քաղաքականությամբ երբևէ չի զբաղվել, ուստի քիչ հավանական է, որ նա հստակ քաղաքական դիրքորոշում ցուցաբերի Հայաստանում տեղի ունեցող զարգացումների առնչությամբ, թեև սկզբունքորեն որևէ բան չէր էլ բացառել: Վերջինս մեզ խորհուրդ էր տվել խոսակցությունների իսկությունը պարզել հենց Քըքորյանի գրասենյակից՝ նշելով, թե քանի որ կոնտակտ գտնելը գրեթե անհնար է, ինքը կփորձի օգնել:
Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հարութ Սասունյանն ասաց, որ, հետաքրքրված լինելով վերոնշյալ տեղեկությունների հիմնավորվածությամբ, զանգահարել է Քըրք Քըրքորյանի գրասենյակ:
«Նրա աշխատակիցներն ինձ պատասխանեցին, որ հիշյալ տեղեկությունը հիմնավոր չէ, քանի որ նման այց չի նախատեսվում: Առաջիկայում Քըրք Քըրքորյանը դեպի Հայաստան որևէ ճամփորդություն չի նախատեսում, ավելին՝ քաղաքականությամբ չի հետաքրքրվում»,- նրանց ասածը մեզ փոխանցեց Հարութ Սասունյանը՝ հույս հայտնելով, որ այս ճշտված տեղեկությունից հետո գուցե այլևս նման անհեթհեթ լուրեր չհրապարակվեն: Նա իր զարմանքը հայտնեց այն խոսակցությունների վերաբերյալ, որոնք անընդհատ սկսել են շրջանառվել հայաստանյան մամուլում Քըրք Քըրքորյանի անվան շուրջ:
«Տեղեկություններ են տարածվում, որ գալու է, կամ այն մասին, որ նա նեղացել է, այն դեպքում, երբ ես այդ մասին բազմիցս եմ խոսել՝ նրա գումարներն այդտեղ չեն փոշիացել, նա նեղացած չէ, պարզապես, փակել է հիմնադրամը, որի գործունեությունը միայն Հայաստանում չէ, որ ծավալվում էր: Իսկ հիմա նա շարունակում է իր գործունեությունը միայն Ամերիկայում»,- հստակեցրեց Հարութ Սասունյանը:
Հիշեցնենք, որ ամերիկահայ միլիարդատեր Քըրք Քրքորյանն առաջին անգամ Հայաստան է եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում՝ 1998 թ․ ամռանը: Հենց այդ ժամանակաշրջանից սկսած էլ ներգրավվել է մի շարք ծրագրերի իրականացման գործում իր հիմնադրած «Լինսի» հիմնադրամի միջոցով, իսկ Հարութ Սասունյանը այդ ծրագրերի պատասխանատուն է եղել երկար ժամանակ:
2011 թ․ հիմնադրամը դադարեցրեց իր գործունեությունը, եղան հրապարակումներ, թե բարերարը նեղացել է, քանի որ Հայաստանում իրեն խաբել են, միջոցները կողոպտել, թեև ծրագրերի պատասխանատուները լրատվամիջոցների հետ զրույցներում միշտ պնդում էին, որ «Լինսի» ծրագիրը Հայաստանում իրականացված այդ մասշտաբի ամենաչկոռումպացված ծրագիրն էր: