ԱԺ «Ելք» խմբակցությունն այսօր շրջանառության մեջ կդնի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը՝ բացառելու համար այն դեպքերը, երբ ՔԿՀ-ները ԱԺ պատգամավորներին թույլ չեն տալիս տեսակցել ձերբակալված կամ կալանավորված այն անձանց, որոնց տեսակցությունների վրա նախաքնության մարմինը արգելք է դրել։
«Նման արգելքն, իհարկե, ապօրինի է, և մեր դիրքորոշումը արտահայտվում է նախագծի հիմնավորման մեջ»,- թեմայի առնչությամբ իր հայտարարության մեջ ընդգծել էՓաշինյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ ՀՀ քրեակատարողական օրենքով այդ իրավունքը տրված է պատգամավորներին, խնդիրն այն է, որ օրենքը չի կատարվում. «Օրենքում հստակ գրված է այն անձանց ցուցակը, ովքեր անարգել կարող են մուտք գործել և հանդիպել կալանավորների հետ: Նրանց թվում են ՀՀ նախագահը, վարչապետը, պատգամավորները, Մարդու իրավունքների պաշտպանը և դիտորդական խումբը: Այն, որ վերջին երկու տարվա ընացքում սկսել են խոչընդոտել ինչպես պատգամավորների, այնպես էլ դիտորդական խմբի այցելությունները, սա ոչ թե օրենքի թերություն է, այլ՝ խախտում»,- նշեց նա:
Իրավապաշտպանի խոսքով՝ մինչև 2015 թ. արգելքը, որը սահմանափակում էր որոշ անձանց հանդիպումները կալանավորների հետ, վերաբերում էր միայն կալանավորված կամ ձերբակալված անձանց հարազատներին, լրագրողներին, իսկ ցուցակում նշված անձանց այն չէր վերաբերում:
Իշխանյանն ընդգծեց՝ Փաշինյանի պահանջը նախ պետք է լինի օրենքի կիրառումը, ոչ թե նոր օրենք ընդունելը, քանի որ օրենքում հստակ գրված է այդ մասին: «Եթե օրենքը խախտվում է, ապա այդ ինչ կատարելագործված օրենք պետք է լինի, որ ստիպված չլինեն խախտելու: Եթե գործող օրենքը խախտվում է, ի՞նչ իմաստ ունի նոր օրենք ընդունել»,- իր դժգոհությունն արտահայտեց իրավապաշտպանը:
«Հերթական անգամ արձանագրենք՝ Հայաստանն իրավական պետություն չի, օրենքները գրվում են օդի մեջ, քանի որ կիրառումը կախված է թագավորի կամքից: Վե՛րջ, սա է հարցը: Ի՜նչ օրենք ուզում են՝ ընդունեն, թեկուզ ավելի կատարելագործված, եթե որոշեն թույլ չտալ գործել, ուրեմն թույլ չեն տա: Օրինակ, Հայաստանում խաղաղ հավաքների մասին օրենքը Եվրոպայում լավագույններից մեկն է, բայց խախտվում է գրեթե բոլոր լարված հավաքների ժամանակ, սա է մեր իրականությունը»,-շեշտեց իրավապաշտպանը:
Նրա կարծիքով՝ Հայաստանում խնդիրը օրենքների կիրառման հարցն է, ոչ թե օրենքների կատարելագործումը:
Սոնա Հարությունյան