«Ցավոք սրտի՝ այն մարդիկ, ովքեր անկախության հռչակումից հետո եկան իշխանության, այլ ճանապարհով գնացին, և մենք հայտնվեցինք այն վիճակում, որում հիմա ենք: Այս իշխանություններն արեցին ամեն ինչ, որպեսզի հային դուրս մղեն իր պետությունից: Այս տեսանկյունից կարող ենք փաստել, որ անկախության հռչակագրի սկզբունքները չիրականացվեցին և այսօրվա ու երեկվա իշխանություններն անկախ չեն»,-այս մասին այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, 1991թ.-ին ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Արամ Գ. Սարգսյանն՝ անդրադառնալով Անկախության հռչակագրին և անկախության արժեքի գիտակցմանը:
Խոսելով արտագաղթի տեմպերի մասին՝ անկախության հռչկումից մինչ այսօր, Արամ Սարգսյանը նշեց, որ ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, այնպես էլ հիմա՝ արտագաղթն ընթացել է արագ տեմպերով: «Ես մի անգամ չէ, որ ասել եմ. քանի դեռ այս երեք նախագահների դարաշրջանը չավարտվի, Հայաստանն այս վիճակից դուրս չի գա: Լևոն Տեր-Պետրոսյանի ամենամեծ սխալն այն էր, որ նա երկիրը կառավարել այդպես էլ չկարողացավ»,-ասաց բանախոսը՝ ներկաներին հիշեցնելով ՀՀ առաջին նախագահի ղեկավարման տարիներին կատարված բացթողումներն ու բյուջեից մսխված գումարները:
Ասուլիսին ներկա ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ, անդրադառնալով անկախության հռչակագրի դերին և նշանակությանը՝ հարցադրում հնչեցրեց. «Այսօր հայ ժողովրդի համար տոնական օր է: Այսօր մենք պետք է շտապեինք տոնելու այդ կարևոր իրադարձությունը և նախագահի կողմից պետք է մի շարք զինվորականներ կոչումներ ստանային: Բայց այս ամենի փոխարեն ի՞նչ ենք տեսնում. մեր Նախագահը շտապել է խոնարհվել խանին; Այսօր նա Հայաստանում պետք է լիներ, բայց շտապել է Պուտինի մետ՝ սրանով էլ վարկաբեկելով մեր երկիրը: Էլ ինչի մասին կարող են խոսել; Բա ազգային տոնի օրը երկրի նախագահը կգնա Ռուսաստա՞ն»:
ԼՈւՐԵՐ.com-ը Ազատ Արշակյանից հետաքրքրվեց հնարավոր ելքերի մասին, որոնց պետք են իսկապես անկախ պետականություն ունենալու համար:
Խոսելով ռուսական պետության ազդեցության և Հայաստանին ճնշման տակ պահելու բնավորության մասին՝ նա հայտարարեց, որ ժամանակն է, որ ԵՏՄ-ին վռնդենք մեզանից:«Մենք պետք է մեզանից վանենք այդ ազդեցությունը, և միայն այդ պարագայում կարող ենք խոսել իսկապես անկախ և զարգացման ուղի բռնած պետության մասին: Պետք է մի բան գիտակցել, որ ռուսական իմպերիան մեզ երբեք չի թողնի ազատ շնչել, ուստի օր առաջ պետք է ազատվել այդ ճնշումներից»:
Աղավնի Սուքիասյան