Վերջին շրջանում մեծացել է Հայաստան վերադարձող սեզոնային աշխատողների թիվը: Դա, իհարկե, պայմանավորված է Ռուսաստանում տնտեսական վիճակի վատթարացմամբ և աշխատանքային օրենսգրքում կատարվող փոփոխությունների հետ: Հայաստանի իշխանությունը մտահոգ է, որ մինչեւ ԵՄ պայմանագրի ստորագրումը Հայաստանում կարող են հայտնվել դժգոհ մարդիկ: Նրանք, ովքեր ստիպված են գումար վաստակել Ռուսաստանում, սակայն զրկվել են այդ հնարավորությունից ՌԴ նոր օրենսդրության պատճառով, կարող են դառնալ «կրիտիկական զանգված»: Նրանք տասնյակ հազարավոր մարդիկ են, ովքեր Հայաստանում չունեն իրենց ընտանիքները պահելու հնարավորություն: Վարչապետ Տիգրան Սարգսյանը ժամանակին «կատակել» էր, թե արտագաղթը չեն կանգնեցնում, որպեսզի այդ մարդիկ «չմնան ու հեղափոխություն չանեն»: Ինչպես գիտենք, յուրաքանչյուր կատակի մեջ ճշմարտության հատիկ կա:

Եվ զարմանալի չէ, որ Տիգրան Սարգսյանի այս մտահոգությունը փոխանցվել է նաև այսօրվա կառավարությանը: Հաշվի առնելով երկրում սրված սոցիալ- տնտեսական վիճակը, նման ծավալի ներհոսքը կարող է իրոք լուրջ խնդիրներ առաջացնել իշխանությունների համար: Դառնալ հենց այն ֆորս-մաժորը, որի մասին այդքան խոսում են, և որը կանխատեսում են փորձագետները: Այսինքն, պարզ չէ, թե հայրենիք վերադարձած հազարավոր «խոպանչիները» ինչով պետք է զբաղվեն: Հաշվի առնելով այն, որ այսօր Հայաստանում մի շարք ոլորտներ, սկսած շինարարությունից մինչեւ հանքարդյունաբերություն, անկում են ապրում, ապա, թերեւս, «խոպանչիները» կհամալրեն մեր երկրի գործազուրկների շարքերը: Միայն Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թիվը հասնում է մոտ 600 հազարի: Անգամ եթե նրանց 1/3-րդն էլ վերադառնա Հայաստան, ապա պարզ է, որ մեր կառավարությանը իսկական անակնկալ է սպասվում, քանի որ 10 հազար աշխատատեղ բացելու համար գումար տրամադրելով՝ խնդիրը չի լուծվում: Բացի այդ, հայ տղամարդկանց ճնշող մեծամասնությունը արտերկրում աշխատում է ոչ թե կարի կամ պահածոյացման արտադրամասերում, այլ շինարարության, կահույքագործության եւ սպասարկման ոլորտներում: Իհարկե պետությունը կարող է նրանց աջակցել հանրային աշխատանքներով: Որպեսզի աշխատուժը ձեռքը ծալած չնստի, պետությունը ինքը պատվիրում է, օրինակ՝ ճանապարհների շինարարություն ծրագրավորողների համար պատվերներ է բերում եւ այլն: Բայց դրա համար անհրաժեշտ է տնտեսական դիվանագիտություն, ինչը չկա մեզ մոտ: Հետևաբար առկա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակում աշխատանքային միգրանտների վերադարձը հավելյալ գլխացավանքի է վերածվելու իշխանությունների համար:

 Ստելլա Խաչատրյան