Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: 

 Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացն իրականացվելու է կոշտ հսկողության ներքո: «Մենք ցանկանում ենք ստեղծել հավասար գործընկերային հարաբերություններ: Մենք հարգում ենք համայնքապետերի իրավունքները, բայց դա չի նշանակում, որ նրանք իրենց համայնքում մի ռեժիմով պետք է գործեն, մենք՝ այլ, որովհետև մենք պետբյուջեի եկամուտները ձևավորում ենք նույն քաղաքացիների հետ աշխատանքի միջոցով, որոնց հետ համայնքապետերն են աշխատում», - ասել է վարչապետը: 

Գործադիրի ղեկավարին զեկուցվել են Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, աղբահանության ոլորտներում իրավիճակի և առկա խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, տեղեկատվություն է ներկայացվել ինտենսիվ այգիների հիմնման, զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման, կրթական և առողջապահական համակարգերի գործունեության և օպտիմալացման աշխատանքների մասին: