Մոսկվայում Աֆղանստանի դեսպան Աբդուլ Քայում Քոչայը հայտարարել է, թե Քաբուլում ցանկանում են տեսնել, որ «Ռուսաստանը նույնպես օգնում է աֆղաններին»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Կցանկանայինք՝ Ռուսաստանը նույնպես օգներ, որպեսզի Աֆղանստան գա անվտանգությունն ու խաղաղությունը»,- ասել է դեսպանը և շարունակել.- Մենք ցանկանում ենք Ռուսաստանի հետ ունենալ շատ լավ հարաբերություններ՝ չնայած այն բանին, որ պատմության մեջ ունեցել ենք որոշակի խնդիրներ»։

Դեսպանը նաև ցանկություն է հայտնել, որ ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների զորքերը «վաղուց-վաղուց հեռացած լինեին Աֆղանստանից»։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում Interfax-ի աղբյուրը հայտնել էր, որ Մոսկվան տպավորված չէ Աֆղանստանում ԱՄՆ նոր քաղաքականությամբ։