Արցախյան հարցում զարգացումները կարծես հետզհետե սկսում են թեժանալ: Հետաքրքիրն այն է այստեղ, որ դա տեղի է ունենում բավական արագ տեմպերով ու ինչ-որ իմաստով` միգուցե նաև շատերի համար անսովոր դրսևորումներով, որ խոստանում են բավական լուրջ հետևանքներ ունենալ Անդրկովկասի համար:
Ինչպես հայտնի է` ցանկացած գերտերության համար` աշխարհի այս կամ այն տարածաշրջանում չկարգավորված հակամարտությունները մշտապես ծառայել ու ծառայում են որպես սեփական ազդեցությունն այդ տարածաշրջաններում պահպանելու ու ուժեղացնելու միջոց: Բացառություն չէ նաև Ռուսաստանը, որը հետխորհրդային չլուծված հակամարտություններն ամեն կերպ օգտագործում է որպես գործիք այդ հակամարտություններում ներգրավված երկիրների վրա սեփական ազդեցությունն ուժեղացնելու համար:
Այս իմաստով, բավական ուշագրավ պետք է համարել ՌԴ նոր նախաձեռնությունը՝ Արցախը կրկին անգամ դարձնելու տարածաշրջանում սեփական ազդեցության հզորացման գործիք. Ժիրինովսկու կուսակցության Բարձրագույն խորհրդի անդամ, ՌԴ Պետդումայի կրթության և գիտության կոմիտեի փոխնախագահ Բորիս Չերնիշովը ծրագրում է առաջիկայում Ռուսաստանի մայրաքաղաքում անցկացնել չճանաչված հանրապետությունների իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների համագումար: Ընդ որում՝ այստեղ անչափ ուշագրավն այն է, թե ինչ պատճառաբանություն է բերվում ՌԴ համար ոչ այնքան սովորական բնույթ կրող համագումարի հիմքում. իբր, Արցախում ոտնահարվում են քաղաքացիների քաղաքական, սոցիալական իրավունքները, այդ թվում` ռուսական անձնագրեր ստանալու հարցում:
Իհարկե, նույնիսկ եփած հավի ծիծաղը կարող է գալ այս «հիմնավորումը» լսելիս, քանի որ հեղինակավոր միջազգային կառույցներն էլ են ընդունում Արցախում հաստատված ժողովրդավարության բարձր մակարդակը, սակայն այստեղ ուշագրավը մեկ այլ բան է՝ գործիքակազմը, որը Մոսկվան գործի է դնում սեփական նպատակներին հասնելու համար. տպավորություն է՝ ասես Կրեմլն Արևմուտքին փորձում է հարվածել նրա իսկ գործիքով՝ ամենայն հավանականությամբ՝ սեփական գործողություններին լեգիտիմություն հաղորդելու ցանկությունից դրդված: Ինչ վերաբերում է Արցախի հեղինակությունը կասկածի տակ դնելուն, ապա, գոնե արտաքուստ, այնպիսի տպավորույուն է, ասես սրանով ՌԴ-ն ցանկանում է Երևանին որոշակի տհաճ մեսիջներ ուղղել՝ կապված Հայաստան-Արևմուտք մերձեցման հետ. շուտով աշուն է, իսկ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրն, ինչպես հայտնի է, հենց տարվա այս եղանակին է նախատեսվում ստորագրել: Չնայած՝ մյուս կողմից, հաշվի առնելով Երևան-Մոսկվա հարաբերությունների խորությունը, չի բացառվում նաև Մոսկվայի ու Երևանի միջև որոշակի ստվերային համաձայնության հավանականությունը. Կրեմլի ցանկությանն՝ ամեն կերպ Արցախն օգտագործելու սեփական ազդեցության մեծացման համար՝ Երևանն այսօր խոշոր հաշվով ոչինչ չունի հակադրելու, հետևաբար, անհեռատեսություն կլիներ ավելորդ վեճի բռնվել ՌԴ հետ՝ մանավանդ որ, հայտնի էլ չէ՝ այդ փորձերն ինչպիսի հաջողություն կունենան:
Իհարկե, բացարձակ միամտություն կլինի կարծելը, թե Արևմուտքը կարող է աչք փակել այս ամենի վրա կամ գլխի չընկնել Մոսկվայի հետապնդած իրական նպատակների մասին, սակայն այն, որ Կրեմլի նմանօրինակ քայլերը վկայում են նրա համար ստեղծված ոչ այնքան նպաստավոր իրավիճակի մասին, աներկբա է. ռուսական խաղաղապահ զորքեր տարածաշրջան մտցնելը կարող է և այնքան էլ հեշտ իրականանալի նպատակ չլինել, մանավանդ, եթե հաշվի ենք առնում Հոգլանդի վերջին հարցազրույցը՝ կապված ապագայում ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր Անդրկովկասում տեղակայելու հետ: Մոսկվան նոր գործիքակզմերի կարիք է զգում, քանի որ հները սպառման եզրին են հայտնվել:
Դավիթ ԲԱԲԱՆՈՎ