Չնայած ՀՀԿ-ում բոլորը կարծես քար լռություն են պահպանում ապագա վարչապետի անձի շուրջ` ջանալով ամեն կերպ երկարաձգել ինտրիգը, սակայն երկրում կարծես տեղի են ունենում պրոցսներ, տեղաշարժեր, որոնք անուղղակիորեն վկայում են այն մասին, որ 2018-ին Հայաստանի ղեկավարման ղեկն անխուսափելիորեն անցնելու է Սերժ Սարգսյանին. այս ամենի մասին վկայող փաստերն ու իրադարձությունները չափից դուրս շատացել են, ինչն, ըստ էության, այլևս անիմաստ է դարձրել տվյալ խնդրի շուրջ ինտրիգը պահպանելու՝ շատ հանրապետականների ձգտումը:

Այսպես` պարզվում է, որ մոտ ապագայում լրջագույն փոփոխություններ են սպասվում հատկապես ոստիկանական համակարգում. նախապատրաստվում է ոստիկանության ապառազմականացումը: Դատելով ամենայնից` ոստիկանությունը, հակառակ որոշ խոսակցությունների, նախարարություն չի դառնալու, այլ վերածվելու է ապագա վարչապետին ենթակա կառույցի: Ուշագրավ է, որ Կառավարությունն արդեն իսկ նախնական ընդունել է ոստիկանության` նման կառույց դառնալու հիմնավորումներն, ինչը, փաստորեն, թույլ է տալիս եզրակացնել, որ 2018-ին, երբ այլևս նոր Սահմանադրությունը լիարժեքորեն կմտնի ուժի մեջ, այն, որպես առանձին ու ինչ-որ տեղ՝ նաև անկախ կառույց՝ կդադարի գոյություն ունենալ. ոստիկանությունը, փաստացի՝ դառնալու է ապագա վարչապետի գործիքն ու, անկասկած, անմիջականորեն ղեկավարվելու է նրա կողմից` դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով հանդերձ. փաստացի՝ հիմք է դրվում, այսպես ասած, սուպեր վարչապետի պաշտոնին, որն, անկասկած է արդեն, գլխավորելու է ներկայիս նախագահը:

Ընդհանրապես, պետք է նկատել, որ ուժային կառույցներն անմիջականորեն իրեն ենթարկեցնելու՝ նախագահ Սարգսյանի ձգտումը բոլորովին նոր չէ. գաղտնիք չէ, որ թե՛ ԱԾ-ն, թե՛ դատախազությունն ու ՊՆ-ն այսօր լիարժեքորեն գտնվում են Սարգսյանի անմիջական վերահսկման ներքո` փաստ, որն ուղղակի ի սկզբանե բացառում էր ոստիկանության նկատմամբ ոչ համապատասխան վերաբերմունքը: Եթե կարելի է ասել, ոստիկանությունը կից մարմին դարձնելը դառնալու է վերոհիշյալ քաղաքականության թագն ու պսակը, որ թույլ է տալիս ապագայի սուպեր վարչապետին՝ կատարելապես վերահսկել երկրում ընթացող պրոցեսներն ու ցանկության դեպքում՝ առանց որևիցե խոչընդոտների ղեկավարել դրանք, ինչը կոչված է լինելու, այսպես ասած, վարչապետի անձեռնմխելիության ապահովմանը:

Այնպես որ` բոլոր այն թյուր կարծիքները, թե 2018-ին ու դրանից հետո երկրի վարչապետ է շարունակելու մնալ Կարեն Կարապետյանն, այլևս փակված կարելի է համարել: Նրան, իհարկե, ոչ ոք չի հեռացնելու պետական կառավարման համակարգից` դա միանշանակ, սակայն այն, որ հենց Սերժ Սարգսյանն` ապագա վարչապետն է լինելու բոլոր առումներով երկրում իրավիճակի իսկական տերն, այլևս անկասկած է: Թեման այլևս փակ է:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ