Փաստաբաններն այսօր փաստաբանների պալատի նախագահ են ընտրում: Ժամը 11:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 200 փաստաբան՝ 1852-ից:
Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները: ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Արա Զոհրաբյանը լրագրողներին ասաց, որ մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնի:
«Միգուցե որոշ փաստաբաններ դեմ են այս ընտրություններին, սակայն այս դիրքորոշումը բոլորին չի վերաբերում: 1852 փաստաբաններից յուրաքանչյուրս ունենք մեր ամբիցիաները՝ առողջ կամ անառողջ, բայց իմ պատասխանատու կարգավիճակը ստիպում է ինձ լինել հանդուրժող և սեփական շահերս ստորադասել ընդհանուրի շահերին: Մոտ ապագայում համերաշխության կոչ կներկայացնեմ, կփորձեմ ամեն ինչ անել, որ փաստաբանների պալատից կամ ինձնից վիրավորված բոլոր գործընկերներս շարժվեն ընդհանուր շահով»,- ասաց Զոհրաբյանը:
Նրա կարծիքով՝ ընդհանուր շահի դեմ է ուղղված իր գործընկերներից Տիգրան Աթանեսյանի և իր ընկեր Արթուր Գրիգորյանի՝ Փաստաբանների պալատի գրանցումն անվավեր ճանաչելու հայցը :
«Հեշտ է մեղադրելը, թե պալատը չի պաշտպանում փաստաբանների շահերը: Կարծում եմ՝ նման խոսքերը պետք է հիմնավորված լինեն փաստերով: Փաստաբանների պալատն ունի իր թերությունները, և գործընկերներ պետք է իրենց քայլերով մեզ օգնեն»,- ասաց թեկնածուն:
Հացադուլով գործընթացի դեմ պայքարելու հարցին վերապահումով է մոտենում թեկնածուն: «1852 փաստաբան ներկայացնող կառույցը պարտավոր է գործել հավասարակշռված: Այս առումով գործընկերների առջև բաց ենք ցանկացած համագործակցության համար»,- եզրափակեց Զոհրաբյանը: