Գերմանիայի կառավարությունը կարող է Թուրքիային ներառել այն երկրների ցուցակում, որոնց այցելելը գերմանացի պաշտոնյաների համար վտանգավոր է համարվում։

Այս պահին այդ ցուցակը մշակվում է, հայտնել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը, փոխանցում է AFP–ն։ Խոսքը գերմանական գերատեսչությունների աշխատակիցների պաշտպանության մասին է, հավելել է նախարարը։

Süddeutsche Zeitung–ի տեղեկություններով, Գերմանիայի ՆԳՆ–ն ուսումնասիրում է Թուրքիային պետական գաղտնիք կրող անձանց համար «հատկապես վտանգ ներկայացնող» երկրների ցուցակում ներառելու հարցը։ Հիմա այդ ցուցակում կա 30 երկիր, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան եւ այլն։

Համաձայն տեղեկությունների՝  Թուրքիային այդ ցուցակում ներառելը նկատելի հետեւանքներ կունենա հազարավոր պաշտոնյաների համար, որոնք, օրինակ, այլեւս չեն կարող հանգստի մեկնել Թուրքիա։ Բացի այդ, Թուրքիայի քաղաքացու հետ ամուսնությունը կամ քաղաքացիական ամուսնությունը այս դեպքում կարող են ռիսկի գործոն համարվել։