ՀՀ Կառավարությունը սեպտեմբերի 14-ի նիստում մերժել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց: Թե ինչպես է «Ելք»-ը վերաբերվում Կառավարության այս որոշմանը և արդյո՞ք իրենց բավարարում է Կառավարության հիմնավորումները, փորձեցինք պարզել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանից:

Պատգամավորը նշեց, որ, բնականաբար, բացասական է վերաբերվում Կառավարության՝ «Ելք»-ի առաջարկը մերժելու որոշմանը. «Առնվազն պետք է հոգատար վերաբերմունք ցուցաբերեն պայմանագրային զինծառայողների նկատմամբ: Այսօր ֆեյսբուքյան որոշ քննարկումներում գրված էր՝ «միգուցե որոշ բարձրաստիճան զինվորականներ իրենց շքեղ առանձնատներն ազատեն գույքհարկից», կան նաև նման մոտեցումներ, բայց այստեղ հստակ է. եթե զինվորականն ունի ցածր աշխատավարձով մեծ առանձնատներ, ապա դա նշանակում է, որ ինչ-որ կոռուպցիոն գործարքներ են եղել և այդ անձով պետք է զբաղվեն համապատասխան կառույցները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ նույնիսկ հասարակական շրջանակներում այսպիսի քննարկումներն անթույլատրելի են:

Գորգիսյանի խոսքով՝ Կառավարությունը հերթական անգամ նախագիծ մերժեց: Ըստ նրա՝ սա այն փոքր բանն էր, որ պետությունը պարտավոր էր անել, որպեսզի լիներ զինվորականի կողքին կանգնած, բայց, փաստացի՝ չարեց:

Հնարավո՞ր է՝ խմբակցությունը վերափոխի նախագիծը և նորից ներկայացնի Կառավարությանը՝ հարցին ի պատասխան՝ Գորգիսյանը նշեց, որ այդ առիթով որևէ քննարկում դեռևս չեն ունեցել, իսկ նոր որոշում ունենալու դեպքում անպայման կհրապարակեն. «Այս պահին չեմ կարող ասել՝ ինչի վրա կարող ենք աշխատել, որպեսզի համապատասխանեցնենք իրենց պահանջներին, որպեսզի պայմանագրային զինծառայողների համար որոշակի արտոնություններ սահմանվեն: Դա պարզ կլինի միայն քննարկումներից հետո»,- եզրափակեց «Ելք» խմբակցության պատգամավորը:

Նշենք, որ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը հանդես էր եկել «Գույքահարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությամբ:

Առաջարկվող նախագծում նշվում է, որ ներկայում օրենքով գույքահարկից ազատում են միայն ՀՀ զինված ուժերում ժամկետային զինծառայություն անցնող անձանց, ինչը նշանակում է, որ արտոնությունը չի տարածվում պայմանագրային զին­ծառայողների, այդ թվում` 20 տարուց ավել ծառայության մեջ գտնվող սպայական կազ­մի ծառայողների վրա: Ըստ այդմ՝ նախագծի ընդունումը կբարելավեր ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը:

Սոնա Հարությունյան