ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կատարեց «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի հանդիսավոր բացումը: Նա նշեց, որ այսօր ամփոփում են 5-րդ համաժողովի արդյունքները եւ նախանշում հետագա անելիքները:
«Սիրով և ջերմությամբ ողջունում եմ ձեզ մայր հայրենիքում եւ ասում՝ բարով եք եկել ազատ ու անկախ Հայաստան՝ ձեր հայրենիքը: Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը, եկաք եւ այսօր իրականություն է դառնում համահայկական այս մեծ հարթակի աշխատանքը: Նախորդ համաժողովից անցել է ուղիղ երեք տարի, այդ ընթացքում առանձնացրել ենք առաջարկությունները եւ դիտողությունները: Սփյուռքի նախարարությունը, հիմք ընդունելով այս առաջարկությունները, տարբեր գերատեսչությունների, հոգեւոր եւ մի շարք այլ կառույցների հետ մշակել է բազում ծրագրեր, նախաձեռնություններ: Այդ աշխատանքները նպատակադրված են համախմբելու Սփյուռքի կապերը Հայաստանի հետ»,- ասաց Հրանուշ Հակոբյանը:
Նա տեղեկացրեց, որ աշխարհի տարբեր ծայրերից Հայաստան ժամանած պատվիրակությունների հետ միասին առաջին անգամ համաժողովին մասնակցում են Եթովպիայի, Սուդանի, Մալայզիայի ներկայացուցիչները:
«Այս համաժողովին մասնակցելու են եկել ավելի քան 1800 հայազգի ներկայացուցիչներ 71 երկրից. նրանց մեջ մեծ թիվ են կազմում մտավորականները, գործարարները: Մեծ պատվիրակություններ են ժամանել ԱՄՆ-ից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Իրանից, Ռուսաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Արցախից: Համաժողովին մասնակցելու են եկել Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, տարբեր երկրների պատգամավորներ, նախարարներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ: Համոզված եմ՝ ձեր գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով կհարստացնենք Հայաստան-Սփյուռք գործակցությունը եւ կնպաստենք դրա զարգացմանը»,-նշեց Սփյուռքի նախարարը: