Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանին, ընդ որում՝ այն մասին, որ նախագահի այցը նախապես պլանավորված էր, տեղեկություններ չկան: Կարելի է ենթադրել, որ Սարգսյանը ԱՄՆ է մեկնել ոչ պաշտոնական ձևաչափով, մի շարք կնճռոտ հարցեր քննարկելու և հնարավորության դեպքում՝ հարթելու համար: Իսկ հարթելու շատ բան կա: ԱՄՆ-ում վստահ են, որ վերջին վայրկյանին Հայաստանի անակնկալ հրաժարվելը ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելուց, բնականաբար, քաղաքական քայլ էր։ Վերջին պահին միջազգային զորավարժություններից հրաժարվելու համար Երևանը պետք է ունենար հստակ պատճառներ, այն է՝ երկրի ներսում տիրող արտակարգ իրավիճակ կամ սահմանին պատերազմական իրավիճակ։ Այս հանգամանքներից որևէ մեկը չկար հրաժարվելու պահին, որպեսզի բացատրեր Հայաստանի անսպասելի գործողությունները։
 
Հայկական կողմն իր մեկնաբանության մեջ, փաստորեն, մեղադրեց ՆԱՏՕ-ի զորավարժության կազմակերպիչներին՝ անփութության մեջ։ Նմանօրինակ մեկնաբանությունը ոչ միայն էլ ավելի խորացնում է կասկածներն առ այն, որ ՀՀ կառավարությունը կրկին տեղի է տվել Մոսկվայի ճնշումներին՝ ի վնաս իր արտաքին կապերի մի կազմակերպության հետ, որի հետ մինչ օրս ունեցել է սերտ հարաբերություններ, այլ ապացուցում, որ պաշտոնական Երևանի քաղաքական որոշումներն անկանխատեսելի են: Հայաստանի որոշման վրա չազդեց անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հստակ ուղերձը ՀՀ իշխանություններին, որը նա հնչեցրել էր դրանից օրեր առաջ: Մասնավորապես, Միլսը նշել էր՝ «Պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»: Թերևս Սերժ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ՝ հենց կանխատեսելիության գործոնը վերականգնելու և ապացուցելու, որ դա Հայաստանի կողմից ինքնուրույն կայացված որոշում էր:
 
Եթե Սերժ Սարգսյանին հաջողվի համոզել ԱՄՆ իշխանություններին, որ Հայաստանում որոշումների կայացման գլխավոր բևեռն ինքն է, դա Սարգսյանին կազատի մի շարք գլխացավանքներից, մասնավորապես՝ գուցե արևմտյան կապիտալն ավելի մեծ պատրաստակամությամբ հոսի Հայաստան: Իսկ այն, որ Սարգսյանին ֆինանսներ օդ ու ջրի պես են պետք՝ ակնհայտ է: Նախագահը խնդիր ունի 2018-ին ընդառաջ հակակշիռներ և զսպման մեխանիզմներ ստեղծել Կարեն Կարապետյանի և Սամվել Կարապետյանի ֆինանսական բևեռի դեմ: Եթե վերջիններս հենվում են առավելապես ռուսական կապիտալի վրա, ապա Սերժ Սարգսյանի հայացքը Արևմուտքում է: Հայաստանում իշխանության հիմքը կապիտալն է, այսօր այդ կապիտալը գտնվում է Կարապետյանների ձեռքում, և բնականաբար, այդ իրավիճակը չի կարող չանհանգստացնել 2018-ի վարչապետության ամբիցիաներ ունեցող Սերժ Սարգսյանին: Հետևաբար, նա ջանք ու եռանդ չի խնայի ԱՄՆ իր այցը ծառայեցնել իր առջև ծառացած ներքաղաքական խնդիրների լուծմանը, իհարկե՝ հօգուտ իրեն:
 
 
Ստելլա Խաչատրյան