Բնապահպաններն այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Երևանի կենտրոնում Ամուլսարի թեմայով իրազեկման ակցիա էին իրականացնում։ Նրանք 70 տոննա ոսկի խորհրդանշող գունդը գլորեցին քաղաքի կենտրոնական փողոցներով՝ հասցնելով մինչև Հանրապետության հրապարակ։
Նրանք պարբերաբար կրկնում էին՝ «Ամուլսարը պետք է մնա սար» և քաղաքացիներին տեղեկացնում էին Ամուլսարում բացվելիք ոսկու հանքի հնարավոր հետևանքների մասին։
Ըստ բնապահպանների հաշվարկների, 70 տոննա ծավալ կունենա այն ոսկին, որը, հանքը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ընկերությունը պետք է հանի Ամուլսարից։
Ակցիայի մասնակիցներն իրենց ձեռքերում պահել էին պաստառներ՝ «Ոսկին Ձեզ, ցիանիդը մե՞զ», «Ամուլսար=70 տոննա ոսկի» գրությամբ։