ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում նախագահ Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական հարաբերություններին առնչվող Ցյուրիխյան արձանագրություններն առ ոչինչ ճանաչելու մասին հայտարարությունը փոքր-ինչ ուշացած է համարում: «Հուսով ենք, որ ոչ մի դրական փոփոխություն արձանագրությունների գծով տեղի չի ունենա, որպեսզի նախագահն իր ասածն անի: Արձանագրությունների մասով դրական տեղաշարժ չեմ կարծում` լինի: Եվ դա ոչ Հայաստանի պատճառով, այլ այն պատճառով, որ Թուրքիան բազմաթիվ ներքին հարցեր ունի, արտաքին բազմաթիվ խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու խնդիրը իրենց օրակարգում գրեթե չկա: Չի բացառվում, որ Թուրքիան ինչ-որ կեղծ բաներ անի, որ իբր կարող է վավերացնել արձանագրությٳններից մեկը, բայց դա Հայաստանի կողմից, կարծում եմ, չի ընդունվի: Նրանց համար հիմնական խնդիրն Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում գործադրելն է, իսկ եթե այդ ճնշումը չի աշխատում, չեմ կարծում, որ իրենք կշտապեն վավերացնել այդ արձանագրությունները»,- ասաց Կիրո Մանոյանը:
Իհարկե, այս հարցում թիվ մեկ շահագրգիռ կողմը պետք է որ ՀՅԴ-ն լիներ, չէ՞ որ ոչ վաղ անցյալում ներկայիս կոալիցիոն գործընկերների հետ քաղաքական ապահարզանի պատճառ էին հանդիսացել հենց այդ նույն չարաբաստիկ հայ-թուրքական արձանագրությունները: ՀՅԴ-ն դուրս էր եկել կոալիցիայից՝ դառնալով ընդդիմություն, Հայաստանում և Սփյուռքում կազմակերպելով բազմահազարանոց ցույցեր ընդդեմ Հայաստանի իշխանությունների որոշման: Այնուհետև, իհարկե, կողմերը բարիշեցին, և այժմ Դաշնակցությունը որևէ խոչընդոտ չի տեսնում Սերժ Սարգսյանի հետ համագործակցելու մեջ:
Իրավիճակը կարող է կտրուկ փոխվել, ընդ որում ոչ հօգուտ Դաշնակցության, եթե մինչև գարուն հայ-թուրքական արձանագրությունները երկրորդ շունչ ստանան: Այդ դեպքում անգամ ՀՅԴ ողջ Գերագույն Մարմնի կրեատիվը դժվար թե հերիքի արդարացնելու կոալիցիայում մնալու Դաշնակցության որոշումը, իսկ այն, որ նրանք ցանկանում են պահպանել իրենց պորտֆելները, ակնհայտ է:
Առանց այդ էլ ՀՅԴ-ն ստիպված համակերպվել է Մադրիդյան սկզբունքների հետ, համենայնդեպս, նախկին ոգեշնչվածությամբ դրանց դեմ հանդես չի գալիս, ինչն արդեն իսկ շատերի մոտ տարակուսանք է առաջացրել և ՀՅԴ-ին դրել ոչ երկիմաստ դրության մեջ: Հետևաբար, Սերժ Սարգսյանի կողմից Անկարային մինչև գարուն ժամանակ տալը չէր կարող նյարդայնության րոպեներ չպատճառել Դաշնակցությանը:
Կիրո Մանոյանը չի էլ թաքցնում, որ հուսով են ոչ մի դրական փոփոխություն չի լինի, և, կարծես թե, նրա միակ հույսը այն է, որ Թուրքիան հիմա այլ գլխացավանքներ ունի: Մյուս կողմից էլ Դաշնակցությունը շատ լավ գիտակցում է, եթե հայ-թուրքական արձանագրությունները համարվեն առ ոչինչ՝ ամեն դեպքում կոալիցիայում իրենց դերն ու կշիռը Սերժ Սարգսյանի համար նվազելու է:
Դաշնակցության, իրոք որ, ծանր օրեր են սպասվում, քիչ չէին խոսակցությունները ՀՀԿ-Ծառուկյան դաշինք հնարավոր կոալիցիայի մասին, հիմա էլ Սերժ Սարգսյանը նոր «նվեր» է մատուցում իր կոալիցիոն գործընկերոջը՝ ստիպելով վերջիններիս մինչև գարուն ապրել սպասման և անորոշության մեջ:
Բայց դա Սերժ Սարգսյանի ձեռագիրն է:
Ինչպես ասում են՝ կոալիցվելուց առաջ էր պետք մտածել…
Ստելլա Խաչատրյան