ՀՀ ԱԺ պատգամավորներ, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանն ու պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանի այցը Բաքու բողոքի մեծ ալիք է առաջացրել Ադրբեջանում:
Այսօրվա համաժողովից հետո իշխանության խոսափող haqqin.az կայքը սպառնալիքներ է հրապարակել հայ պատգամավորների հասցեին: Ադրբեջանցիներին հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ հայ պատգամավորները Արցախի թթի օղի և դարձյալ Արցախում արտադրվող «Կատարո» գինի են խմել Բաքվում, հայտնում է aravot.am-ը:
Մասնավորապես, Միլի մեջլիսի իրավական քաղաքականության և պետական շինարարության կոմիտեի անդամ պատգամավոր Ռաֆաէլ Ջաբրաիլովը վրդովմունք է հայտնել, որ հայ պատգամավորները դիտավորյալ լուսանկարվում են Բաքվում ալկոհոլի բաժակներով և դա հրապարակում ցանցում: «Ես դա անվանում եմ «դոնկիխոտական» պահվածք: Հայ պատգամավորները փորձում են այդպիսով զայրացնել ադրբեջանական հանրությանը և դիվիդենտներ շահել իրենց ընտրողների աչքում: Ինձ թվում է՝ նման լուսանկարներով նրանք դիտավորյալ սադրում են ադրբեջանցիներին, որպեսզի ինչ-որ մեկը չդիմանա և բռունցքներով հարձակվի հայրերի վրա:
Բնականաբար, Հայաստանի ներկայացուցիչները միանգամից կաղաղակեն այդ մասին ամբողջ աշխարհում և իրենց զոհ կներկայացնեն»,- ասել է Ջաբրաիլովը: «Լուսանկարը հայ պատգամավորներն արել են հյուրանոցի իրենց համարում: Եթե դա անեին ռեստորանում և իրենց այդպես պահեին, ինչ-որ ադրբեջանցի, անպայման, նրանց գլխին կկոտրեր սպիրտով այդ խմիչքը: Անկեղծ ասած, եթե այդպես լիներ, դա իմ սրտին դարման կլիներ: Բայց սթափ դատելով՝ հասկանում եմ, որ դա ելք չէ»,- ասել է պատգամավորը: