Կառավարությունը Ազգային ժողով է ներկայացրել «Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագիծ։ Այսօր գործում է 2008թ. նոյեմբերի 28-ին ընդունված օրենքը։ Նոր նախագծով բավական լուրջ լիազորություններ են նախատեսված Անվտանգության խորհրդի համար։ Օրենսդրորեն էականորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։Բացառված չէ, որ դա արվում է ապագա վարչապետի կոնկրետ անձը նկատի ունենալով:

Եթե ենթադրենք, որ իշխանական կուլիսներում արդեն իսկ որոշվել է, որ 2018-ից հետո վարչապետի պաշտոնը շարունակելու է զբաղեցնել Կարեն Կարապետյանը, ապա արդեն իսկ ակնհայտ է, որ օրենսդրության փոփոխությունը վարչապետի լիազորությունների տիրույթում է թողնելու միայն տնտեսական բլոկի հարցերը: Ինչպես և ակնկալվում էր, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում զիջել անվտանգության ոլորտը: Նախագահը պայքարում է առաջինի տիտղոսը պահելու համար: Նա ոչ մի դեպքում չի զիջի, քանի որ սահմանադրական փոփոխությունները եւս միտված էին մեկ նպատակի՝ իշխանությունը պահել իր ձեռքում: Այսպիսով, ավելի հավանական է դառնում այն սցենարը, որով Սերժ Սարգսյանը 2018թ.-ից հետո կլինի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որն իրավունք կստանա ուժային կառույցների ղեկավարներ նշանակել եւ հեռացնել պաշտոններից, որը դե յուրե կենթարկվի վարչապետին, իսկ դե ֆակտո՝ ոչ: Դա, իհարկե, չի նշանակում, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է բավարարվել ԱԽՔ պաշտոնով: Դա նրա համար որոշակի թայմ-աութ կլինի, և ինչ-որ մի պահի (սահմանին ինչ-որ լարման, դիվերսիայի հետ կապված) ՀՀԿ ԳՄ ծերակույտն ու խորհուրդը «ազգովին կխնդրեն» Սերժ Սարգսյանին՝ դառնալ վարչապետ՝ Գերագույն գլխավոր հրամանատարի «մունդիրով», որովհետև ԱԽ քարտուղարը, եթե անգամ նա Սերժ Սարգսյանն է, չի կարող (իրավունք չունի) ինչպես նույն Սերժ Սարգսյանն է ասել, նահանջելու, կամ առաջ գնալու հրաման տալ..

Ստելլա Խաչատրյան