Իտալացի դիզայներ Էդգարդո Օզորիոն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ընկերությունը գողացել է իր ստեղծած կոշիկների դիզայնը ՝ փոխելով միայն գույնը: Նա դիմել է դատարան: Իվանկա Թրամփի ընկերության հավաքածուից բարձրակրունկ կարմիր կոշիկները ժամանակավորապես հանել են վաճառքից, գրում է life.ru-ն: 2016 թվականին Օզորիոն, ով Aquazzura բրենդի հիմնադիրներց մեկն է և գեղարվեստական տնօրենը, Instagram-ում հայտնել է, որ 785 դոլար արժողությամբ իր կոշիկը և Իվանկա Թրամփի 65 դոլար արժողությամբ կոշիկը գրեթե նույնն են:
Դրանից հետո նա պահանջել է Իվանկա Թրամփից հանել կոշիկի այդ մոդելն արտադրությունից և փոխհատուցում է պահանջել: ԱՄՆ նախագահի դստեր ընկերությունը, սակայն, հրաժարվել է կատարել այդ պահանջները: Դրան ի պատասխան՝ դիզայները դիմել է Մանհեթենի դաշնային դատարան: Դատը կայանալու է 2018 թվականի մարտին: