Արցախի նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ի հրամանագրով սահմանել է կառավարության նոր կառուցվածքը և կազմը: Ուշադրության է արժանի հատկապես արտգործնախարարի փոփոխությունը: Այսպես՝ այս պաշտոնը Կարեն Միրզոյանի փոխարեն ստանձնել է Մասիս Մայիլյանը: Հիշեցնենք՝ Մասիս Մայիլյանը 2007 թվականին Արցախի նախագահի թեկնածու էր և գործող նախագահ Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը: Այնուհետև Մասիս Մայիլյանը գլխավորեց Արցախում ստեղծված Արտաքին քաղաքականության հարցերի խորհուրդը, որը ծավալում էր խորհրդատվական գործունեություն: Այժմ Բակո Սահակյանը Մայիլյանին վստահել է արտգործնախարարի պաշտոնը, ինչը յուրահատուկ ուշադրության է արժանի վերջին շրջանում Արցախի շուրջ ծավալվող միջազգային գործընթացների և Արցախի սուբյեկտայնության միջազգային ամրապնդման գործում բարենպաստ իրավիճակի ձևավորման ֆոնին: Մյուս կարևոր ուղերձը, որը Բակո Սահակյանը ներդրեց կառավարության նոր կառուցվածքի մեջ, դա վերաբնակեցման հարցերի նախարարության ստեղծումն է: Այսինքն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության անվանմանն ավելանում է վերաբնակեցման նախարարությունը: Իհարկե, այս փոփոխությունները, եթե անգամ կրեն զուտ դեկլարատիվ բնույթ, գովելի քայլ են Արցախի ղեկավարության կողմից: Հողեր և տարածքներ հանձնելու խոսակցությունների ֆոնին՝ նման նախարարության հիմնումն ինքնին մեսիջ է՝ ուղղված այդ թեման շահարկողներին:

Վերջին մի քանի օրերին արցախյան հիմնահարցի շրջանակում հայկական երկու կողմերի քայլերի և արտաքին լսարանին ուղղված ուղերձների տողատակում կարմիր թելի պես անցնում է Արցախի Հանրապետության սուբյեկտայնության մակարդակը բարձրացնելու գիծը: Սակայն որքան էլ նկատելի է Արցախի սուբյեկտայնությունն օրակարգային դարձնելու ցանկությունը, դրան առնչվող քայլերն ու ուղերձները շարունակում են մնալ բացառապես Մադրիդյան սկզբունքների սահմաններում՝ հետապնդելով ընդամենը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգայնորեն ճանաչմանը հասնելու նպատակ: Առանց ԼՂՀ-ն ճանաչելու, նրա ժողովրդավարական գործընթացին նպաստելու՝ միջազգային հանրությանն ուղղված Սերժ Սարգսյանի հայտարարությունները ՄԱԿ-ի ամբիոնից՝ ոչ այլ ինչ են, քան կազանյան փաստաթղթով նախատեսված՝ տեսականորեն ԼՂ-ում երբևէ հանրաքվե անցկացնելու պայմանին Ադրբեջանի համաձայնելու դիմաց տարածքային զիջումների պատրաստակամության դրսևորում: Հենց այս համատեքստում են կարևորվում Արցախի կողմից իր իսկ սուբյեկտայնության ամրապնդմանն ուղված քայլերը: Այդ քայլերից մի քանիսին այսօր ականատես եղանք, պետք է սպասել և հուսալ, որ դրանք կստանան նաև գործնական հենք: Այսինքն՝ Արցախի ԱԳ-ում տեղի կունենա ոչ թե ազգանվան փոփոխություն, այլ նաև արտաքին քաղաքական կուրսի, որը կդառնա շատ ավելի նախաձեռնողական և ագրեսիվ: Հայաստանն էլ իր հերթին պետք է որդեգրի այնպիսի քաղաքականություն, որը թե՛ միջնորդների, թե՛ հակամարտող մյուս կողմի, և թե՛ միջազգային հանրության համար՝ կֆիքսի. Հայաստանը Արցախի կողքին է, բայց Արցախի փոխարեն չէ:

 

Ստելլա Խաչատրյան