Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր իր գործունեության մեկ տարին է ամփոփում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: ի թիվս այլ հարցերի, նախարարն անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքներին ու դրանց ավարտին. «Հոկտեմբերի սկզբին 7 կամուրջներից 3-ը կհանձնվեն շահագործման, մնացած 4-ում կշարունակվեն որոշակի շինարարական աշխատանքներ, որոնք կապված են ասֆալտապատման հետ: Կամուրջներին հարող հատվածների երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է մայիսին, իսկ մայիսից կամուրջների տակ երթևեկությունը բացվել է»:
Դիտարկմանը, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան ներկայացուցիչը հայտարարել է, որ ճանապարհի մեկ կիլոմետրի կառուցման արժեքը թանկացել է՝ հասնելով 3,5 մլն դոլարի, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Գինը կապված է օբյեկտիվ պատճառների հետ: ԱԶԲ-ն ֆինանսավորում է ճանապարհի հատվածներից մի քանիսը, նախարարությունը և ԱԶԲ-ն լավ համագործակցում են, ցանկացած ծրագիր քննարկվում է: Աշտարակ-Լանջիկ հատվածը, որի կառուցումը ֆինանսավորում են ԱԶԲ-ն և Եվրոպական ներդրումային բանկը, հարթավայրային չէ, այդ իսկ պատճառով էլ այնտեղ ինքնարժեքը բարձրացել է՝ կապված հողային աշխատանքների հետ: Վստահ եմ, որ Հայաստանին պետք է այս ճանապարհը, Հյուսիս-հարավից կախված է և՛ զբոսաշրջային, և՛ բեռնափոխադրումների հոսքը, և՛ բիզնեսի ակտիվացումը»,-նկատեց նախարարը:
Հարցին, ի վերջո՝ ե՞րբ պատրաստ կլինի այսքան երկար տարիներ կառուցվող ճանապարհը և արդյո՞ք նպատակահարմար չէ նշված ծրագրի վրա ծախսվող միջոցներն ուղղել այլ կարևորագույն ուղղություններով, Վահան Մարտիրոսյանը պատասխանեց. «Հայաստանին պետք է այդ ճանապարհը: Ունենում ենք հյուսիսը հարավին կապող բարձրակարգ ճանապարհ: Ցանկացած ծրագիր նախևառաջ պետք է ուսումնասիրվի, և գումարներն ուղղվեն այնտեղ, որտեղ ավելի շատ եկամուտ կստանանք»: Նախարարը վստահեցրեց, որ ՀՀ քաղաքացին իր վրա կզգա այդ ներդրումը, և որ այս ճանապարհն այդ կարևոր ծրագրերից մեկն է: