Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում: «Հոկտեմբերին և նոյեմբերին պլանավորված է համատեղ օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումների լայն շրջանակ: Նախկինում մենք զորավարժություններ անցկացրել ենք, որոնք հաջողված են եղել: Սակայն ժամանակակից զինված հակամարտությունները պահանջում են հատուկ մոտեցում: Սրա հետ կապված` որոշում է ընդունվել 2017թ. անցկացնել համատեղ միջոցառումներ «Մարտական եղբայրություն 2017» խորագրի ներքո: Զորավարժությունները լիովին համապատասխանում են միջազգային նորմերին եւ ուղղված չեն երրորդ երկրների դեմ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը:
 
Ուշագրավ է այն փաստը, որ զորավարժությունների անցկացման մասին հայտարարությունը հնչում է ոչ թե Յուրի Խաչատուրովի, այլ ռուս գեներալի կողմից: Եվ որքան էլ ռուսական կողմը հավաստիացնի, որ այս զորավարժություններն ուղղված չեն երրորդ կողմի դեմ, միևնույն է՝ թե՛ Վրաստանում, թե՛ Ադրբեջանում առկա է որոշակի մտահոգվածություն: Եթե Ադրբեջանի պարագայում ամեն բան հասկանալի է, ապա Վրաստանն անչափ զգայուն է վերաբերվում իր սահմանների մոտ ռուսական ռազմական ներկայությանը: Հայաստանից մեծ ջանքեր կպահանջվեն համոզելու վրաց գործընկերներին, որ հոկտեմբերին կայանալիք զորավարժությունները թիկունքից հարված չեն Վրաստանին: Հատկանշականն այն է, որ Թբիլիսիում անցկացված ՆԱՏՕ-ի առաջին զորավարժությանը Հայաստանի մասնակցելուց հետո ռուսական մամուլում հրապարակվեցին դժգոհություն արտահայտող հոդվածներ, իսկ հետո տեղի ունեցավ օգոստոսի 23-ի հանդիպումը Սոչիում՝ Պուտին-Սարգսյան, որից հետո սեպտեմբերի 3-ին մեկնարկած զորավարժությանը Հայաստանը չմասնակցեց: Վերջին օրերին հայ և վրացի պաշտոնյաների ակտիվացած փոխայցերը վրացական կողմի համար երաշխիքներ ստանալու, իսկ հայկական կողմի համար՝ վերջիններիս միջոցով Եվրամիությանն ուղերձ հղելու նպատակ են հետապնդում: Հայաստանը փորձում է ԵՄ-ին հասկացնել, որ վերջինս ըմբռնումով մոտենա ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ռազմաքաղաքական սիրավեպին:
 
Բացի ՀԱՊԿ զորավարժությունից, հոկտեմբերին Հայաստանում սպասվում է նաև ԵՏՄ վարչապետների հանդիպում, իսկ սա արդեն բավականին ուշագրավ ենթատեքստ է ստանում նոյեմբերին ՀՀ-ԵՄ սպասվող պայմանագրի ստորագրման ֆոնին: Ռուսական կողմը հերթական անգամ փորձում է ճնշում բանեցնել ՀՀ իշխանությունների վրա, և սպասվող երկու իրադարձությունները Մոսկվայի համար կարող են վերջին շանսը լինել այս հարցում կշեռքի նժարն իր կողմը թեքելու գործում: Մեդվեդևը կամ վերջնականապես կհամոզի հայկական կողմին՝ հետ կանգնել այս քայլից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կամ կստանա պաշտոնական Երևանի երաշխիքները, որ Հայաստանը ԵՄ հետ հարաբերությունները կզարգացնի այնքանով, որքանով որ դա չի վնասի ռուսական շահերին և առաջնահերթություններին:
 
Ստելլա Խաչատրյան