Իրանի խորհրդարանը դատապարտել է Իրաքի Քուրդիստանի անկախության հանրաքվեն՝ նշելով, որ «նման անջատողական քայլերը վնասում են Իրաքին եւ ամբողջ տարածաշրջանին»:

Այս մասին հաղորդում է Tasnim-ը:

210 օրենսդիրներ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնում Իրաքի կառավարությանը եւ դատապարտում են «Իրաքի կազմից Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության դուրս գալու» նախագիծը:

Իրանի խորհրդարանը համարում է, որ Իրաքում ճգնաժամ առաջացնող ցանկացած քայլ կվտանգի արաբական երկրի ժողովրդավարական առաջընթացը:

 Օրենսդիրները նաեւ խնդրել են իրանական վարչակազմին համագործակցել Բաղդադի կառավարության հետ՝ կանխելու «Իրաքում սիոնիստների արկածախնդրությունը»: